շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երբ մենք կոմունիկացիաների բացումը կարողանում ենք ապահովել, դրա հետ կարողանում ենք ստեղծել պղնձաձուլարան․ Փաշինյան

Երբ մենք կոմունիկացիաների բացումը կարողանում ենք ապահովել, դրա հետ կարողանում ենք ստեղծել պղնձաձուլարան․ Փաշինյան

Ավան վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում համակիրների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի ունեցած ամենածավալուն բնական պաշարի՝ պղնձի միջազգային գներին՝ նշելով, որ դրանք ռեկորդներ են սահմանում:

«Պղնձի մեկ տոննան արդեն հատել է 9000 դոլարի սահմանը, և որևէ մեկը կասկած չունի, որ գներն իջնելու են: Եվ, հետևաբար, երբ մենք կոմունիկացիաների բացումը կարողանում ենք ապահովել, դրա հետ կարողանում ենք ստեղծել պղնձաձուլարան: Մենք այսօր էլ ենք պղինձ արտահանում, բայց արտահանում ենք պղնձի հանքաքար: Եթե մենք ունենանք պղնձաձուլարան, դա կնշանակի, որ ոչ թե հանքաքար կվաճառենք, այլ պղինձ կարտադրենք, որը անգամներով ավելի թանկ է, քան հանքաքարը: Սա նաև նշանակում է, որ մարդիկ կունենան աշխատատեղ:

Սա նշանակում է ոչ միայն բանվորական աշխատուժի անհրաժեշտություն, այլև ինժեներական աշխատուժ, կազմակերպչական, բարձր տեխնոլոգիաներ և այդպես շարունակ, այսինքն՝ պղնձաձուլարանն այնպիսի մեգապրոյեկտ է, որ հետևից կարող է լոկոմոտիվի նման քաշել ամբողջ տնտեսությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ պղնձի գնի բարձրացումը պայմանավորված է այսօր ամենաարագ զարգացող երկու ոլորտում՝ էլեկտրամոբիլների և արևային էլեկտրակայանների արտադրությունում օգտագործմամբ:

Հետևաբար խնդիրը պետք է լինի ոչ միայն պղնձի ձուլակտոր թողարկել, այլև դրանցից ստանալ հնարավորինս վերջնական արտադրանք արևային պանելների, շարժիչի համար անհրաժեշտ լարերի, հաղորդալարերի տեսքով և այլն՝ ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

«Սա կնշանակի, որ որակական նոր փուլ է մտնում մեր երկիրը, սա պետբյուջե մուտքեր են, սա աշխատատեղեր են: Շատ կարևոր խնդիր է, որ մեր կրթական համակարգում շատ էական փոփոխություններ տեղի կունենան, որովհետև էս բոլոր ոլորտները ապահովելու համար պետք  են բարձրորակ մասնագետներ: Եվ մեր տնտեսությունը, պետությունը մոտիվ կունենան բուհերին պարտադրել, որ այն ուսանողը, որը դուրս է գալիս դիպլոմը ձեռքին, պետք է համապատասխանի դրա չափորոշիչներին»,- հավելեց Փաշինյանը:

  • Կիսվել: