երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երբ Կարեն Կարապետյանն էր ղեկավարը, գազալցակայանների ու ջերմոցների համար գազի գները կարելի էր ցածր պահել. Խաչատրյան

Երբ Կարեն Կարապետյանն էր ղեկավարը, գազալցակայանների ու ջերմոցների համար գազի գները կարելի էր ցածր պահել. Խաչատրյան

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ համաճարակային պայմաններում «Գազպրոմ Արմենիայի» «նվերը» բացարձակ տեղին չէր, և սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք ՀՀ-ի նկատմամբ: Այս մասին նա նշեց «Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկման ժամանակ:

Նա հավելեց, որ տնտեսության բոլոր ճյուղերը սրա արդյունքում վնասներ են կրելու:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն՝ սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար նախատեսված սակագնին: Փոխարենը՝ ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

Խաչատրյանը, մասնավորապես, ասաց. «Մենք մոտավորապես 2 միլիոն խմ գազ ենք սպառում ամբողջ ՀՀ-ում, միջինացված 15 դոլար թանկացնելով, 30 միլիոն դոլար ավելի ՀՀ-ից տանելու է: Եվ ցանկացած բանակցություն մենք պետք է օգտագործենք, խոսքը «կողպված երկրների» մասին է, ՄԱԿ-ը անգամ հատուկ ռեզոլյուցիա ունի, որտեղ տրանսպորտային ծախսերի առումով մենք արտոնություն ունենք, ինչը, չգիտեմ ինչու, չենք օգտագործում: Մեր նման երկրներում տրանսպորտային ծախսերը չեն մտցվում մաքսային արժեքի մեջ: Մենք սա, առհասարակ, կարող ենք օգտագործել: Սա խնդիր է, որը պիտի ՀՀ-ն լուծի ոչ միայն՝ գազի հետ կապված, այլ՝ մեր բոլոր ներմուծողների և արտահանողների համար: Մեր տնտեսության բացասական կողմն այն է, որ մեզ մոտ տրանսպորտային ծախսերը` մեր մրցակիցների համեմատ, մինչև 15-20 տոկոս ավելին են ստացվում»:

Խաչատրյանի խոսքով՝ վերջակետ պիտի դրվի հայ-ռուսական գազային հարաբերություններին, քանի որ մինչև հիմա, ըստ նրա, չկա հիմնավորում, թե ինչու է գազը սահմանին 165 դոլար 1000 խմ-ի համար, և ոչ թե՝ 100, 265 կամ 300: Այս առնչությամբ տնտեսագետը հիշեցրեց, որ մի ժամանակ գազի գնի թանկացումը փոխկապակցում էին նավթի գների հետ, այսօր դրանք անկում են ապրում, և հիմա պարզ չէ` կա՞ փոխկապակցվածություն, թե՞ ոչ:

Նա նշեց նաև, որ որ ժամանակին, երբ ՀՀ նախկին ղեկավարները սկսեցին ջերմոցային տնտեսությամբ զբաղվել, պետք էր դրանց վաճառվող գազի գինն իջեցնել. «Ավելին, երբ «Գազպրոմի» նախկին ղեկավարությունն ուներ գազալցակայաններ, կարիք ուներ այդ գազալցակայանների գազի գներն իջեցնել: Երբ Կարեն Կարապետյանն էր ղեկավարը երկրի, գազալցակայանների ու ջերմոցների համար գազի գները կարելի էր ցածր պահել, իսկ մեզնից շատ վերցնել, բայց հիմա քանի որ իրենք չեն, Նիկոլ Փաշինյանն է, և նրանք էլ այդքան շահագրգիռ չեն ՀՀ տնտեսության զարգացմամբ, կարելի է ջերմոցների համար գները բարձրացնել»:

  • Կիսվել: