երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երբ է դադարեցվում և վերսկսվում քաղաքացու կենսաթոշակի վճարումը. իրազեկում

Երբ է դադարեցվում և վերսկսվում քաղաքացու կենսաթոշակի վճարումը. իրազեկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերական իրազեկումների շրջանակում ներկայացրել է կենսաթոշակի վճարման դադարեցման և վերսկսման դեպքերը։

Քաղաքացու՝ կենսաթոշակի վճարումը դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում, որոնք ներկայացվում են ստորև.

  • Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում, եթե քաղաքացին չի ստորագրել ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը: (Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին և հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին):
  • Կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ կենսաթոշակառուին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում։
  • Կենսաթոշակը լիազորագրով ստանալու դեպքում՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում:
  • Կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարելու դեպքում՝ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի՝ ՀՀ-ից տասներկու ամիս անընդմեջ բացակայելու դեպքում։

Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հետևյալ դեպքերում.

  • Եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը չստորագրելու հիմքով, ապա անհրաժեշտ է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին և ստորագրել երկրում լինելու մասին հայտարարությունը։ Եթե կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից անցել է ավելի քան 12 ամիս, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
  • Եթե կենսաթոշակի վճարումն իրականացվել է կանխիկ եղանակով և վճարումը դադարեցվել է տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
  • Եթե կենսաթոշակը վճարվել է լիազորագրով, ապա հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն գտնվում է քրեակատարողական հիմնարկում, հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում: Կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
  • Եթե կենսաթոշակը վճարվել է կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին և վճարումը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի տասներկու ամիս անընդմեջ ՀՀ-ից բացակայելու դեպքում, ապա կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչը պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

  • Կիսվել: