շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ-ն Հայաստանին 9 մլն եվրո կհատկացնի շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի համար

ԵՄ-ն Հայաստանին 9 մլն եվրո կհատկացնի շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության հարցին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնելով հարցը, նշեց, որ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը (ՀՀ) տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ 9 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

Ծրագիրը մշակվել է 2019թ. սկզբին Բարձր մակարդակի էներգաարդյունավետության նախաձեռնության շրջանակներում իրականացված դոնոր կազմակերպությունների քարտեզագրման և բացերի վերլուծության, ՀԸԳՀ-ի իրականացման ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերի ցանկի հիման վրա:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, ինչպես նաև հանրային շենքերում, չգազաֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում:

Միաժամանակ, Ծրագրի ներքո տեխնիկական աջակցություն կտրամադրվի էներգաարդյունավետության մասով ստանդարտների իրականացման համար՝ հատուկ նպատակ ունենալով նվազեցնել թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մասով էներգասպառումն ու ծախսերն առանձին սպառողների և պետական գերատեսչությունների համար: Ծրագրի նպատակը կլինի ստեղծել անհրաժեշտ համակարգեր՝ հասարակական և բնակելի շենքերի հատվածում էներգաարդյունավետության մասով ստանդարտների կառավարման և իրականացման համար, ինչը համապատասխանում է ՀԸԳՀ-ի իրականացմանը, որով Հայաստանի կառավարությունը կշարունակի իր՝ էներգետիկ ոլորտի ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնել ԵՄ-ի օրենսդրության հետ: Էներգիայի պահանջարկի առավել կայուն աճի հանգեցնող բարելավված էներգաարդյունավետությունը կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ կախվածությանն ու էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերի լուծմանը:

Աջակցություն կտրամադրվի նաև ՀԸԳՀ-ով ստանձնած այն պարտավորությունների իրականացման համար, որոնցով նախատեսվում է համագործակցել շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, ինչպես նաև կայուն կերպով բնական ռեսուրսների օգտագործման հարցերում, ներառյալ՝ ջրի որակի և ջրային պաշարի կառավարման ոլորտներում: Մասնավորապես, Ծրագրով փորձ կարվի լուծում տալու շրջակա միջավայրին առնչվող այն խնդիրներին, որոնք անդրադառնում են Սևանա լճի վրա:

 

 

  • Կիսվել: