չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին․ Ներկայացրել է Էկոնոմիկայի փոխնախարարը

ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին․ Ներկայացրել է Էկոնոմիկայի փոխնախարարը

Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ կհատկացվի 92 մլն եվրո աջակցություն, այդ մասին այսօր Տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտների, մասնավորապես՝ առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին և փոքր ու միջին ձեռնարկատիրություններին: Աջակցության չափը դեռ քննարկման փուլում է»,- ասաց փոխնախարարը՝ չբացառելով, որ աջակցության չափը կբարձրանա։

Նա ընդգծեց, որ եվրոպական աջակցությունը՝ Team Europe, տրամադրվելու է բոլոր այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն: Բացի այդ, ըստ պաշտոնյայի, կա աջակցություն Արևելյան գործընկերության շրջանակում, որի բյուջեն կազմում է շուրջ 80 մլն եվրո և այն բաշխվելու է 6 երկրների միջև։

Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը լրացրեց, որ ԵՄ-ի կողմից 456.500 եվրոյի չափով աջակցություն կտրամադրվի նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ դինամիկ կերպով քննարկվում են ԵԱՏՄ շրջանակներում առաջարկ կներկայացվի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Կառավարության կողմից, որ տնտեսական, և սոցիալական նշանակություն ունեցող որոշ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավոր կա´մ իջեցվեն, կա´մ զրոյացվեն:

Պաշտոնյան ասաց, որ դա թույլ կտա խթանել արդյունաբերությունը։ Սիմոնյանը նշեց, որ հիմա քննարկվում է, թե որ ապրանքներին պետք է առաջնահերթություն տալ, որոնք մեծ նշանակություն կունենան տնտեսության մեջ:

  • Կիսվել: