հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգմանն ու զարգացմանը: Կառավարության նիստում, ներկայացնելով «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ  ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:

«Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցությամբ կստանան դրամաշնորհներ բիզնեսի արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով»,-ասաց նա:
 
Մհեր Գրիգորյանի խոսքով` թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների` այդ թվում արոտավայրերի  հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններ»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ կֆինանսավորվի նաև Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը:
 
Համաձայնագրով աջակցություն կտրամադրվի նաև Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը,  աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության  և միասնական սոցիալական ծառայությունների  զարգացման մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը:

«Օժանդակություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններին` տեխնիկական հագեցման  նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,-հավելեց Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: