ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Հայաստան

ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Հայաստան

ՀՀ կառավարությունն այսօր, չզեկուցվող հարցերի շրջանակում, հավանություն տվեց 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտի ունենալու նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով:

Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:

Հիշեցնենք` քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ֊ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը Հայաստանին մի շարք օգուտներ է տալու` օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորություններ կստեղծվեն, նոր ուղիղ օդային կապեր կհաստատվեն։

ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան, և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։ Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ։

  • Կիսվել: