Եկամտային հարկի վերադարձը՝ կարճ ժամկետում. ՊԵԿ-ը կիրառում է նոր գործիքակազմ
Հայաստանում հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձն ընթացիկ տարվանից կատարվում է էլեկտրոնային տարբերակով:
«Նախկինում նրանք ստիպված էին տեղեկանք և քաղվածք վերցնել բանկերից կամ վարկային կազմակերպություններից, այնուհետև դիմում լրացնել ու ներկայացնել ՊԵԿ: Այսուհետև դրա անհրաժեշտությունը չի լինի, շահառուները դիմումները կներկայացնեն էլեկտրոնային հարթակի միջոցով: Շահառուների համար որևէ անհարմարություն չկա: Արդյունքում՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, նույնիսկ լինում է կես ժամվա ընթացքում գումարները փոխանցվում են նրանց բանկային հաշվեհամարին»,- ասաց Արմինե Հովսեփյանը:
Հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի ծրագրից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է: 2021 թվականին եղել է 21 հազար շահառու: 2020 թվականին շահառուների թիվը եղել է 12 հազար 322: Քաղաքացիները բնակարանները հիմնականում ձեռք են բերում Երևանում, ակտիվություն նկատվում է նաև երևանամերձ մարզերում:
ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը նշեց, որ օրենսդրությամբ սահմանված է, թե որ եկամուտներից հաշվարկված ու վճարված եկամտային հարկն է ենթակա վերադարձնելու տվյալ համակարգի շրջանակում:
«Վերադարձնելու ենթակա են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Ֆիզիկական անձի ստացած այլ եկամուտներից, այդ թվում քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացած եկամուտներից վճարված եկամտային հարկը տվյալ համակարգի շրջանակում վերադարձման ենթակա չէ»,- ասաց Մարիամ Մանուկյանը:
Էլեկտրոնային հարթակին միանալու ժամկետների սահմանափակում չկա, սակայն ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եկամտահարկը ետ է վերադարձվելու բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված դիմումների պարագայում: