ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եկամտահարկի վերադարձի համակարգը արդյունավետ աշխատել է, բայց արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ․ Փաշինյան

Եկամտահարկի վերադարձի համակարգը արդյունավետ աշխատել է, բայց արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ․ Փաշինյան

Առաջնային շուկայում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի համակարգը բավական արդյունավետ աշխատել է, բայց ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք անընդհատ խոսում ենք Երևանում գերկենտրոնացվածության հարցը լուծելու մասին, բայց այսօր ունենք իրավիճակ, երբ մարզերում համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները անշարժ գույք ձեռք են բերում ոչ թե մարզերում, այլ Երևանում։ Դրա համար կա մի պատճառ՝ ծրագիրը գործում է նորակառույց շենքերի համար։ Իսկ այսօր մենք մարզերում չունենք ծավալուն շինարարություն։ Կարելի է ասել՝ ընդհանրապես չունենք»,- ասաց նա։

Ըստ նրա՝ կառավարությունը հիմա անցնցում եղանակով եկամտային հարկի վերադարձի համակարգը փոխում է։ Փորձում ենք այն աստիճանաբար դուրս բերել Երևանի Կենտրոնից, նպատակը մարզերում, նաև Երևանի արվարձաններում բնակարանաշինության խթանումն է։ «Սա նույնպես մի ծրագիր է, որն իր մեջ ռիսկեր պարունակում է, որովհետև պետք է հասկանանք, որ շինարարությունն այնուամենայնիվ ունի որոշակի ինքնարժեք, և երբ կենտրոնում այդ նույն ինքնարժեքով շինարարություն է արվում, բնականաբար, բնակարանն ավելի թանկ է վաճառվում, և ներդրումային հետաքրքրությունն այս պարագայում ավելի մեծ է։ Այնուամենայնիվ, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այս ծրագրի նպատակադրումներին հասնենք և մեր առաջ դրված խնդիրը լուծենք՝ տարածքային համաչափ զարգացման առումով»,- ասաց նա։

  • Կիսվել: