Պանամայի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին, Պանամայի հարավային ափերի մոտ 7.7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Մոտ երկուսուկես ժամ անց գրանցվել է ևս մեկ ուժգին ցնցում՝ 6.6 մագնիտուդով, հայտնում է «CBS News»-ը։
Մայրաքաղաքում շենքերը ցնցվել են, իսկ մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց։ Իշխանությունները հայտնել են շինությունների ու ճանապարհների վնասվելու, ինչպես նաև տուժածների մասին։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվել է Պիտալոսա-Արրիբա բնակավայրից 11 կմ հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 11 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսի ափամերձ Ռիո Գրանդե քաղաքից 13 կմ դեպի արևմուտք ընկած տարածքում (10 կմ խորության վրա)։
Ուժգին ցնցումներին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ։ Պանամայի համալսարանի սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 45 կրկնվող ցնցում, որոնցից որոշների ուժգնությունը հասել է 5.8, 5.5 և 5.2 մագնիտուդի։
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտնել է, որ ուրբաթ երեկոյան դրությամբ զոհեր չեն արձանագրվել, սակայն զգուշացրել է, որ տեղեկությունների ճշտմանը զուգընթաց պատկերը կարող է փոխվել։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է մի քանի վիրավորի մասին։ Մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա գտնվող Պենոնոմե քաղաքում մեկ մարդ վնասվածք է ստացել փլուզված շենքի բեկորներից։
Արտակարգ ծառայությունների փոխանցմամբ՝ ավերածությունները հիմնականում կենտրոնացած են Վերագուաս, Էրերա և Լոս Սանտոս նահանգներում։ Պենոնոմեում կան մասնակի փլուզված կառույցներ, իսկ գլխավոր հրապարակի տաճարի պատերին ճաքեր են առաջացել։ Վնասվել են նաև նահանգապետարանի շենքն ու «Dos Continentes» հյուրանոցը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լոս Սանտոսում փլուզվել է 1938 թվականին ազգային պատմական հուշարձան ճանաչված Սան Աթանասիո եկեղեցին։ Վերագուասում էլ որոշ ճանապարհներ լուրջ վնասվել են։
Ցնցումները բավականին զգալի են եղել նաև մայրաքաղաք Պանամայում, որտեղ բնակիչները լքել են շենքերն ու հավաքվել փողոցներում։ Առաջին ցնցումից հետո «Տոկումեն» միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, սակայն օրվա երկրորդ կեսին վերսկսել է չվերթները։
Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշացման կենտրոնն ի սկզբանե ահազանգել էր հնարավոր ցունամիի մասին, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ վտանգն անցել է։
Պանամայի ջրանցքի վարչությունը հայտնել է, որ նավագնացությունն ընթանում է բնականոն ռեժիմով։ Մասնագետներն այժմ ստուգում են ենթակառուցվածքների վիճակը՝ առաջնահերթությունը տալով աշխատակիցների և նավերի անվտանգությանը։
Նախագահ Մուլինոն բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և ճշտում Պանամայում գտնվող իր քաղաքացիների անվտանգությունը։
Պանաման գտնվում է Խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ հատվում են մի քանի տեկտոնական սալեր։ Երկրում մեծ ավերածություններ պատճառած վերջին ուժգին երկրաշարժը տեղի էր ունեցել 1991 թվականին. հարևան Կոստա Ռիկայում գրանցված 7.4 մագնիտուդով ցնցումների հետևանքով զոհվել էր 23 մարդ, իսկ 559-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։



