ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եգիպտացորեն, սոյայի պտուղ. ներմուծվող մի շարք ապրանքներ կազատվեն սահմանին ԱԱՀ գանձումից

Եգիպտացորեն, սոյայի պտուղ. ներմուծվող մի շարք ապրանքներ կազատվեն սահմանին ԱԱՀ գանձումից

Հայաստան ներմուծվող մի խումբ ապրանքներ, որոնք արտադրության համար պետք է ծառայեն որպես հումք, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից: «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը  ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման համար նախագծում ավելացվել են որոշ ծածկագրեր՝ եգիպտացորեն, սոյայի պտուղներ և այլն:

«Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում կիրառվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում: Եվ արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատումը մեր տնտեսվարողներին որոշակիորեն ավելի դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի նրանց ավելի մրցունակ գին սահմանել»,-ասաց փոխնախարարը:

Հայաստանը թռչնամսի մասով ինքնաբավության ցածր մակարդակ ունի: Փոխնախարար  Գևորգյանի խոսքով՝ փոփոխությունը միտված է հնարավորություն տալու տեղի արտադրողներին՝ ունենալ ավելի մրցունակ ինքնարժեք, որի արդյունքում կլինի  ավելի բարձր ինքնաբավության մակարդակ:

Այդ հումքերն ազատվում են սահմանին ԱԱՀ-ով գանձումից, իրացման փուլում արդեն ԱԱՀ-ն գանձվում է:

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

  • Կիսվել: