ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եղած արդյունաբերությունը, որի ինչ-որ մասը 30 տարի թալանվել է, մի մասն արդեն պիտանի չէ , ի՞նչ պոտենցիալ ունի, ի՞նչ գին ունի․ Սուքիասյանը՝ Քերոբյանին

Եղած արդյունաբերությունը, որի ինչ-որ մասը 30 տարի թալանվել է, մի մասն արդեն պիտանի չէ , ի՞նչ պոտենցիալ ունի, ի՞նչ գին ունի․ Սուքիասյանը՝ Քերոբյանին

Մեր պոտենցիալը գնահատե՞լ եք,  եղած արդյունաբերությունը, որի ինչ-որ մասը 30 տարի թալանվել է, մի մասն  արդեն պիտանի չէ , ի՞նչ պոտենցիալ ունի, ի՞նչ գին ունի։ Եթե  սկսի աշխատել, կամ դառնա որպես նոր հարթակ՝ ի՞նչ արժեքի մասին է խոսքը:

Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկմանը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց  ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և հետաքրքրվեց՝ արդյոք չգործող ընկերությունների արժեքը՝ Նաիրիտից մինչև Վանաձորի  քիմիական գործարան ուսումնասիրված և հաշվարկված է։ 

«Նաիրիտի վերաբերյալ ունենք մի քանի բիզնես պլան, որ 100-150 միլիոն եվրոյի ներդրում են պահանջում, ինչպես նաև եղած պարտքային  ստրուկտուրայի զրոյացում։ Եթե նոր ներդնող լինի 150 միլիոն եվրոյով և պետությունը համաձայնվի եղած պարտքերը զրոյացնել, ապա հնարավոր է վերագործարկել  և դա կլինի եկամտաբեր բիզնես»,- ասաց Վահան Քերոբյանը։

Սուքիասյանը հետաքրքրվեց․ «Եթե 150 միլիոն դնում են, ինչի՞ վրա են դնում, օրինակ արդեն եղած  200 կամ  500 միլիոն դոլարի։ Արժեքը գնահատվա՞ծ է,  ոչ միայն Նաիրիտի, այլ  մեր ամբողջ քիմիական  գործարանների շղթայի։ Ի՞նչ պոտենցիալի մասին է խոսքը, որ կարողանան մարդուն շահագրգռել, որ օրինակ՝ մենք  արդեն իսկ ունենք 300 միլիոն դոլարի արժեք»,- նշեց նա և հավելեց․ «Ունե՞նք  ցանկ, որ գործարանները, որ 90-ականներին սեփականաշնորհվել են և ոչինչ արված չէ՝ ինչ վիճակում են։ Սեփականատերերի հետ բանակցո՞ւմ եք, որ այս տարածքներն օգտագործեք, որովհետև այստեղ ենթակառուցվածքներ կան»։

Պատգամավորը նկատեց, որ երբ պետությունը ներդրողին խոստանում է ենթակառուցվածք ներդրման դիմաց, այս գործարանների պոտենցիալի օգտագործումը լավ հնարավորություն կարող է լինել․ «Մոտավորապես, մի քանի հարյուր գործարան կա, որ ոչինչ արված չէ, միգուցե դառնաք այն մարմինը, որ այդ երկուսին իրար հետ կհանդիպացնի՞ և արտադրություն կստեղծեն ու պետությունը ոչ մի ենթակառուցվածքի վրա գումար չի ծախսի»։  

«Մենք ունենք մոտ 510 գործարանի տվյալ և հիմա վեր ենք հանում մասնավորեցման բոլոր պայմանագրերը , որպեսզի հասկանանք, թե մասնավորեցնողներն ինչ պարտավորություններ են ստանձնել»,- նշեց Քերոբյանը։ 

  • Կիսվել: