շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը փոխադարձ կճանաչվեն

ԵԱՏՄ երկրներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը փոխադարձ կճանաչվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հանդիսանում է մինչև 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից մեկը, որի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները:

Համաձայնագիրը ստորագրել է 2023 թվականի հունիսի 8-ին: Հայկական կողմից ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սույն համաձայնագրի վավերացումով կկարգավորվի  գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում (ԵԱՏՄ անդամ-պետությունում) աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։

Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով։

  • Կիսվել: