հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձկնորսական լողամիջոցները լիճ են մտնելու հատուկ առանձնացված տեղամասերից․ արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը

Ձկնորսական լողամիջոցները լիճ են մտնելու հատուկ առանձնացված տեղամասերից․ արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը

Այսօրվանից մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։
 
Վերլուծելով 2020 թվականին մեկնարկած սիգի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա նպատակը, շրջակա միջավայրի նախարարությունն այսօրվանից մեկնարկում է արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը:
 
 Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի հաշվառման տվյալների Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա , որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝
 
 ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով,
 
ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար, որսը իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը,
 
դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար,
 
 ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք և ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից,
 
 որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի,
 
 մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները,
 
մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը։
 
 Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը կարող են ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:
 
Այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը՝ դրանով կանխելով կապտականաչ ջրիմուռների ակտիվացումը։

  • Կիսվել: