շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը

Քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը

Այսօր նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը։

Նախարարի տեղակալը կարևորել է միջոցառման շրջանակներում նախատեսված գործողություններից յուրաքանչյուրի արդյունավետ կատարումը, որը հնարավոր է բացառապես համատեղ, պատասխանատու և հետևողական հսկողության դեպքում։

Հիշեցնենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։

Վերահսկողության միջոցառումների շրջանակում՝

պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ,

բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված,

«Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն է սահմանվելու,

«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ,

արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։

  • Կիսվել: