հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արգելվում է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների որսը՝ բացի սիգից

Արգելվում է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների որսը՝ բացի սիգից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։

2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվեց 200 տոննա։
Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։

Նոր նախագծով նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Կառավարության կողմից այսօր ընդունված որոշման համաձայն․
1․ Արգելվում է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից։
2․ Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։
Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը
3․ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։
4․ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով
(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):
5․ Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

Նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։

Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։

 

Նախագծի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ e-draft.am առցանց հարթակում՝ հետևյալ հղմամբ.
www.e-draft.am/projects/2390/about

  • Կիսվել: