հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը չեն պահպանվել. «Լույս» հիմնադրամ

Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը չեն պահպանվել. «Լույս» հիմնադրամ

ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։ 

Այսպիսով՝

  • Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հայաստան ներհոսող կապիտալի և աշխատուժի էական դրական ազդեցությունները չեն արագանում, նկատվում է աճի տեմպի որոշակի նվազում: 

Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաև նկատվում ծառայությունների և առևտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին և հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեև տնտեսական ակտիվության աճը դեռևս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր: 

  • Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները բավական զգայուն են: 

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին հրահրված ռազմական գործողությունների արդյունքում նկատվեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկում, որը չեզոքացավ իրավիճակի կայունացմանը զուգահեռ: Դա ցույց է տալիս, որ ներկա իրավիճակը և դեպի ՀՀ ներհոսող ֆինանսական ռեսուրսները բավական զգայուն են երկրում տիրող իրավիճակի նկատմամբ և որևէ բացասական իրադարձության դեպքում կարող են կտրուկ չեզոքանալ, կամ կապիտալը կարող է ՀՀ-ից արտահոսել, ինչի արդյունքում ներկա բարձր տնտեսական ակտիվության տեմպը չի պահպանվի՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

  • Գնաճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա մասամբ պայմանավորված է եղել բազայի էֆեկտով: 

Նախորդ տարի նույն ամիսներին գնաճի տեմպի զգալի արագացում էր նկատվել: Հետևաբար, գնաճային միտումների արագացման ռիսկերը դեռևս պահպանվում են: Այդ պայմաններում ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Սակայն նախորդ ամիսների վիճակագրությունը ցույց է տվել, որ ԿԲ տոկոսադրույքի բարձրացումից հետո գնաճը կարող է շարունակել արագանալ: Եթե արտաքին աշխարհի գնաճային միտումները, ինչպես նաև ՀՀ-ում մեծ պահանջարկը պահպանվեն, ապա գնաճի արագացումը կարող է շարունակվել նաև հետագա ամիսներին՝ ունենալով բացասական սոցիալական և տնտեսական հետևանքներ:

  • Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը ևս չեն պահպանվել:

Ընթացիկ տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշն ընդամենը 34.4%-ով, ինչը զգալիորեն ավելի փոքր է, քան նախորդ ամիսների աճերը: Սա ևս արտացոլում է շոկի ժամանակավոր լինելը և այն, որ իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ-ում բարձր աճ ապահովող գործոնները կարող են չեզոքանալ: Հետևաբար, կառավարությունը պետք է ակտիվորեն միջոցներ ձեռնարկի ներհոսող կապիտալը տնտեսության արտադրողականությունը բարձրացնող նախագծերին և միջոցառումներին ուղղելու նպատակով:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

  • Կիսվել: