Չոբանյանը խոստանում է նպաստել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը կարծում է, որ Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: Չոբանյանը նման կարծիք հայտնեց հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Չոբանյանն ընդգծեց, որ, Միության գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելով, մեծ պատասխանատվություն է զգում ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը կյանքի կոչելու առումով։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են ԱՏՁՄ 2021 թվականի գործունեության արդյունքները: ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ 2021 թվականին ծավալուն աշխատանքներ են արվել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ: «Կարող ենք նշել, որ ԱՏՁՄ-ն ամենամեծ միությունն է, որը ներկայացնում է գրեթե բոլոր խոշոր ՏՏ կազմակերպությունները Հայաստանում: Մեր ծրագրերը միտված են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշեց Եսայանը։