հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չաշխատելու եկամուտը չի կարող ավելի բարձր լինել, քան որևէ աշխատանքինը. վարչապետ

Չաշխատելու եկամուտը չի կարող ավելի բարձր լինել, քան որևէ աշխատանքինը. վարչապետ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ ինքը մի շատ տարօրինակ իրավիճակի հետ է բախվել: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել: Ինձ լուսանկարներ են ուղարկել Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում: Պատահաբար այնպես է ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մեր մի աշխատանքային քննարկմանը, ես հետաքրքրվեցի, թե ինչ է տեղի ունենում, ինչու են օտարերկրացի աշխատանքային ուժ ներգրավում՛՛:

Վարչապետն ասաց, որ  շարունակում է գոյություն ունենալ այն խնդիրը, երբ տեղերում կան և՛ աշխատուժի, և՛ գործազրկության խնդիրներ: ՛՛Մասնավորապես՝ «Տավուշ» տեքստիլի ներկայացուցիչն ասում էր, որ երկու օրից Պառավաքարում մոտավորապես 200 աշխատակցով նոր արտադրամաս է բացվելու, սակայն աշխատուժ ներգրավելու հետ կապված իրերի դրությունն այդքան էլ լավ չէ: Նույնսիկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է մեծ պահանջարկ ունենա, այսպիսի խնդիր ենք ունենում՛՛,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ սա ռազմավարական հարց է. ՛՛Պետք է հասկանանք, թե ինչպես ենք խնդիրը լուծում: Ես գիտեմ, որ իմ խոսքերից հետո փաստարկներ կհնչեն, այդ թվում նաև աշխատավարձի ցածր լինելու մասին: Սակայն ես չեմ կարծում, թե կա զրոյից ցածր աշխատավարձ: Չաշխատելու եկամուտը չի կարող ավելի բարձր լինել, քան՝ որևէ աշխատանքի՛՛:

Նա ասաց նաև, որ իրեն հավաստիացրել են, թե տեղերում 8-10 հազար դրամ օրական աշխատավարձով աշխատուժ գտնել չեն կարողանում: ՛՛Ոչ թե մարդկանց բացակայությունն է պատճառը, այլ՝ այլ խնդիր կա, որը մենք պետք է հասկանանք՛՛,-ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: