հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԲՏԱ փոխնախարարը հայ-հնդկական համաժողովում ներկայացրել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության աջակցության ծրագրերը

ԲՏԱ փոխնախարարը հայ-հնդկական համաժողովում ներկայացրել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության աջակցության ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 29-ին առցանց մասնակցել է «Arrow հայ-հնդկական համաժողով 2023»-ին (Arrow Indo-Armenian Summit 2023):

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Համաժողովի նպատակն էր համախմբելու հայաստանյան և հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռներեցներին և առաջնորդներին՝ քննարկելու համագործակցության սերտացման հնարավորությունները:

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների և ստարտափների զարգացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը:

Նմանատիպ ծրագրերի իրականացմամբ պետությունը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում անհատ ձեռնարկատերերի և ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար Հայաստան տեղափոխվելու և այստեղ գործունեություն ծավալելու, ինչպես նաև որակյալ աշխատուժ ներգրավելու համար: Այն ընկերությունները, որոնք 2022 թ. մարտի 1-ից սկսած ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող՝ տեղացի, օտարերկրացի, պետությունը տրամադրում է աջակցություն նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Ինչպես նաև, տեղական ընկերություններում աշխատողները բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հնարավորություն ունեն օգտվելու հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձից:

HyeTech ընկերության համահիմնադիր Ներսես Օհանյանը ևս մասնակցել է համաժողովին: Նա իր խոսքում նշել է, որ համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռել շփվելու Հնդկաստանի ձեռնարկատերերի հետ, կիսվելու բացառիկ փորձով, ստեղծելու ամուր կապեր հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ երկկողմ համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայդարաբադի Skyroot Aerospace-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, նշվել, որ այն լավ օրինակ կարող է ծառայել այլ ոլորտների ստարտափների միջև համագործակցության ստեղծման համար:

Համաժողովը կազմակերպվել էր հնդկական T-Hub առաջատար ինովացիոն կենտրոնի կողմից, որը Հնդկաստանի նորարարության էկոհամակարգի առաջատարներից է։

  • Կիսվել: