ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲՏԱ նախարարը Կատարինա Բյորլին Հանսենի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարարը Կատարինա Բյորլին Հանսենի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հունվարի 17-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Այս մասին ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում:

Ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունը և կարևորում է նախարարության հետ համագործակցության ընդլայնումը:

Նախարարը մատնանշել է ՀՀ կառավարության և ԲՏԱ նախարարության ռազմավարական ծրագրերի այն ոլորտներն ու առաջնահերթությունները, որտեղ  փոխգործակցության հնարավորություններ են նախանշվում: Մասնավորապես՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է գերարագ ինտերնետ ունենալու և թվայնացման ստանդարտների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կատարինա Բյորլին Հանսեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ներկայացված առաջնահերթությունների իրականացմանը, ինչպես նաև նպաստելու ոլորտի հետագա զարգացմանը՝ անհրաժեշտ խորհրդատվության և ներդրումների տրամադրման միջոցով:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական գործակցության, թվային կառավարման, բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ֆինանասավորման  հարցերին, նախանշել հետագա անելիքներն ու համագործակցության հեռանկարները։

  • Կիսվել: