երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է գրանցվեն եւ իրականացնեն հաշվառում. Դա հետագայում կենթադրի հարկեր. Քերոբյան

Բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է գրանցվեն եւ իրականացնեն հաշվառում. Դա հետագայում կենթադրի հարկեր. Քերոբյան

Պարենային անվտանգության խնդիր գրեթե բոլոր երկրներն այսօր ունեն. վերջին իրադարձությունների ֆոնին ցորենի միջանցքը փակվեց, խնդիրներն ավելացան:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հարցին, թե կարո՞ղ է ունենանք հացի, ալյուրի դեֆիցիտ Հայաստանում, նա պատասխանեց. «Մենք անում ենք ամեն ինչ, որ այդ խնդիրը չառաջանա: Պարենային ռազմավարությունը հիմա շրջանառվում է, որը պետք է հաստատվի: Դրանում գործողությունների ծրագիր է, որ պետք է իրականացնել, որպեսզի  Հայաստանի պրենային անվտանգության մակարդակը հնարավորինս բարձրանա»:

Հարցին՝ եթե Ռուսաստանը որոշի, որ չի արտահանում ցորեն, ի՞նչ է լինելու՝ Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, չէի ուզենա նման սցենար դիտարկել, շատ լավ հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ, այդ սցենարն անհնար է»:

Անդրադառնալով նրան, որ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել, Քերոբյանն ասաց. «Առաջին 9 ամիսների անկումը շատ աննշան է՝ 0,1 տոկոս, որովհետեւ 99,9 տոկոս է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին 9 ամիսներին: Ես կարծում եմ՝ տարվա վերջում, այնուամենայնիվ դրական ցուցնաիշ կունենանք: Մենք կարծում ենք, որ գյուղատնտեսության վիճակագրությունը կարիք ունի կտրուկ բարելավման: Խնդրի լուծումը պետք է լինի գյուղատնտեսության թվայնացումը եւ մասսայական հաշվառումը: Այսօր թե ով է զբաղվում գյուղատնտեսությամբ ու ինչ է արտադրում, կա միայն գնահատական, չկա վիճակագրություն:

Գյուղատնտեսության մասին օրենքի հաստատումը թույլ կտա, որ ֆերմերային տնտեսությունները, ընկերությունները գրանցվեն որպես այդպիսիք, իրականացնեն հաշվառում»:

Հարցին, թե արդյոք դա ենթադրելու է հարկային պարտավորություններ գյուղացիների կողմից, նախարարը պատասխանեց. «Այս պահին ոչ, բայց սուբսիդավորման ծրագրերում ընդգրկվելու համար անպայման կլինի հաշվառված լինելը որպես ֆերմերային տնտեսություն: Մենք գնում ենք նրան, որ այն մարդիկ, որոնք ինչ-որ բան արտադրում են, այդ մասին հայտնեն»:

  • Կիսվել: