երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«BEST LIFE» ԲԿ-ում հեմոդիալիզային բուժում ստացող պացիենտները հնարավորություն ունեն անվճար օգտվել ԲԿ-ի Պոլիկլինիկայի ծառայություններից

«BEST LIFE» ԲԿ-ում հեմոդիալիզային բուժում ստացող պացիենտները հնարավորություն ունեն անվճար օգտվել ԲԿ-ի Պոլիկլինիկայի ծառայություններից

Դեռ տարիներ առաջ հեմոդիալիզային բուժում ստացող հիվանդները Հայաստանում լուրջ խնդիրների էին բախվում, քանզի եզակի կլինիկաներ էին հագեցած դիալիզի սարքավորումներով, իսկ մարզային բնակիչների համար այդ խնդիրը առավել սուր էր, քանզի նրանք շաբաթական մի քանի անգամ ստիպված էին գալ մայրաքաղաք բուժում ստանալու։ Սակայն վերջին տարիներին պատկերը այս ոլորտում էականորեն փոխվել է, հիմա արդեն ոչ միայն մայրաքաղաքի կլինիկաներն են հագեցած դիալիզային սարքավորումներով, այլև, ինչպես ցույց տվեցին InfoPort.am-ի «Առողջապահություն» խորագրի ներքո մարզային ԲԿ-եր կատարած այցերը, գրեթե յուրաքանչյուր համայնքային նշանակության կլինիկայում այժմ առկա են հեմոդիալիզի բաժանմունքներ։ Սակայն միայն «BEST LIFE» հայ-ճապոնական կլինիկայում է հեմոդիալիզը իրականացվում գերժամանակակից «WESLEY» սարքավորումներով։ Կլինիկայում հեմոդիալիզ ստացող հիվանդները օգտվում են նաև այլ առավելություններից։ Այս ամենի, ինչպես նաև դիալիզային բուժման ցուցումների, առանձնահատկությունների և մեթոդաբանության մասին InfoPort.am-ը զրուցել է «BEST LIFE» հայ-ճապոնական Բժշկական կենտրոնի Հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկ-նեֆրոլոգ ԱՐԿԱԴԻ ՉԱԽՈՅԱՆԻ հետ։

-Դոկտոր նախ խոսենք, թե ի՞նչ է դիալիզը և ինչպե՞ս է այն իրականացվում։

-Հեմոդիալիզն արյան միջոցով երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով իրականացվում են արյան մեջ կուտակված նյութափոխանակության տոքսիկ արգասիքների, օլիգո-անուրիայի (մեզի քանակի նվազում կամ անմիզություն) հետևանքով օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկի հեռացման, ինչպես նաև արյան էլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռության կարգավորման գործառույթները: Այն կիրառվում է սուր երիկամային անբավարարության և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում, երբ երիկամների ֆունկցիայի ընկճումը դառնում է կյանքի համար վտանգավոր:

Ո՞ր դեպքերում է հիվանդին ցուցվում հեմոդիալիզային բուժում։

Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման ցուցումները հետևյալն են.

1) քրոնիկ երիկամային հիվանդության 5-րդ շրջան, երբ երիկամի կծիկային ֆիլտրացիան (հաշվարկված MDRD (Modification of Diet in Renal Disease) բանաձևով) ցածր է ավելի քան 15 միլիլիտր/րոպե/մ2։

2) այն դեպքերը, երբ երիկամի կծիկային ֆիլտրացիան (հաշվարկված MDRD բանաձևով) կազմում է 15-20 միլիլիտր/րոպե/մ2 և առկա է՝ կոնսերվատիվ բուժմանը չենթարկվող կայուն հիպերկալեմիա՝ 6.5 մմոլ/լ-ից բարձր, կայուն մետաբոլիկ ացիդոզ, արտահայտված հիպերվոլեմիա, ուրեմիայով պայմանավորված՝ պերիկարդիտ, պլևրիտ, զարգացող էնցեֆալոպաթիա, սպառնացող ուղեղի և թոքի այտուց, հյուծում:

3) որոշ էկզոգեն թունավորումների դեպքում:

4) դեղորայքային գերդոզավորմների դեպքում:

Հեմոդիալիզի իրականացման ժամանակ արյան հոսքի արագությունը ապահովելու համար, նախապես վերջույթի վրա իրականացվում է ֆիստուլավորման՝ զարկերակ-երակային բերանակցման վիրահատություն՝ հետագա արյան մեծ  հոսքով անոթային հասանելիությունը ապահովելու համար, կամ  կենտրոնական որևէ անոթում տեղադրվում է հատուկ՝ մուտք ու ելք ունեցող կատետր, որոնց միջոցով արյունը 180-400 մլ/րոպե  արագությամբ անցնում է կիսաթափանցիկ թաղանթից բաղկացած ֆիլտրի՝ դիալիզատորի միջով, որտեղ ենթարկվելով ֆիլտրացիայի վերադառնում է անոթային հուն:

-Գոյություն ունի դիալիզի երկու տեսակ՝ հեմոդիալիզ (դիալիզ արյան միջոցով) և որովայնային դիալիզ (պերիտոնեալ): Հայաստանում դիալեզի, ո՞ր տեսակից են ավելի շատ օգտվում:

-Այո, Դուք ճիշտ նկատեցիք՝ գոյություն ունի դիալիզի երկու տեսակ: Հայաստանում պերիտոնիալ դիալիզի մասնաբաժինը չի գերազանցում մոտ 5 տոկոսը: Այն հիմնականում կիրառվում է  մանկաբուժական պրակտիկայում, ինչպես նաև որոշ անոթային խնդիրների դեպքում՝ հանդիսանալով այլընտրանք: 

 - Տարիների ընթացքում դիտվո՞ւմ է հեմոդիալիզի արդյունավետության բարձրացում և ինչի՞ հաշվին:

-Այո , տարների ընթացքում դիտվում է հեմոդիալիզի արդյունավետության բարձրացում, որը հիմնականում բացատրվում է հեմոդիալիզի համար ժամանակակից սարքավորումների  կիրառումով, յուրաքանչյուր պացիենտի համար կազմվող  ծրագրային հեմոդիալիզի անհատական ռեժիմով, որը իր մեջ  ներառում է նաև հեմոդիալիզի իրականացման համար կիրառվող դիալիզատորի ընտրությունը, միջամտության տևողությունը, հեռացվող հեղուկի ծավալի որոշումը, ինչպես նաև այլ ցուցանիշների և դեղորայքի ընտրությունը:

-Որո՞նք են տվյալ միջամտությունը իրականացնելու հակացուցումները, ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ հեմոդիալիզից հետո։

-Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման հակացուցումներն են՝ չարորակ նորագոյացությունները՝ հեռավոր մետաստազների առկայությամբ T-3, T4 փուլ, լյարդի ցիռոզը՝ տերմինալ շրջան F3-4 փուլ, թոքի ակտիվ տուբերկուլոզը (BK+), երբ առկա են երկու և ավելի հարաբերական հակացուցումներ, 80 տարեկանից բարձր տարիքը, եթե զուգահեռ առկա է հարաբերական հակացուցումներից ևս մեկը:

Հարաբերական հակացուցումներն են՝

ինսուլտը հեմոռագիկ/իշեմիկ կամ նյարդային համակարգի ծանր ախտահարումները, երբ պացիենտը գտնվում է, հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, առկա է գիտակցության ծանր խանգարումներ կամ բացակայություն, անկողնային պարալիզված վիճակը, հոգեկան խանգարումները, երբ հոգեբույժի եզրակացությամբ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, ալկոհոլիզմը, թմրամոլությունը, արյան մակարդելիության խանգարումները, որոնք պայմանավորված չեն ուրեմիայով, երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, որի պատճառներն են՝ սրտային անբավարարությունը IV ՖԴ ըստ NYHA, փորոքային տախիկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը։ Սուր երիկամային անբավարարության և թունավորումների ժամանակ հեմոդիալիզի հակացուցումները խիստ սահմանափակ են՝ ագոնալ և պրեագոնալ վիճակներ, խիստ անկայուն հեմոդինամիկ տվյալներ, սրտի ծանր ռիթմի խանգարումներ, պրոֆուզ արյունահոսություն և այլն։

Հեմոդիալիզի սեանսի ընթացքում  հիմնական հանդիպող բարդություններն են զարկերակային հիպոտոնիան, կոլապսը (գիտակցության կորուստ), մկանային ցնցումները, սրտխառնոցը, փսխումը:

-Որքա՞ն կարող է ապրել դիալիզային բուժում ստացող պացիենտը։

-Հեմոդիալիզ ստացող պացիենտների կյանքի տևողությունը առավելապես  կախված է առկա ուղեկցող հիվանդություններից, դրանց ծանրության աստիճանից և պացիենտի հետևողականությունից: Ուղեկցող հիվանդությունների բացակայության դեպքում հեմոդիալիզ ստացող պացիենտների կյանքի տևողությունը կազմում է տասնամյակներ:

Մեր պացիենտների համար հեմոդիալիզով բուժումը կենսակերպի ձև է և յուրաքանչյուր պացիենտ պետք է շաբաթական 12-14 ժամ տրամադրի բուժման համար, իսկ հեմոդիալիզի սեանսներից դուրս պացիենտները կարող են աշխատել և ապրել ակտիվ կյանքով:

-Եվ վերջում, ի՞նչ է առաջարկում «BEST LIFE» կլինիկան հեմոդիալիզ ստացող իր պացիենտներին։

-«BEST LIFE» ԲԿ-ում գործող հեմոդիալիզի բաժանմունքը բաղկացած է ամբողջովին նոր վերանորոգված և կահավորված երկու առանձին սրահներից, որոնք հագեցած են անհրաժեշտ բժշկական գույքով, պացիենտների հարմարավետության համար անհրաժեշտ միջոցներով: Հեմոդիալիզի իրականացման համար կիրառվում են նոր և ժամանակակից «WESLEY» հեմոդիալիզի սարքավորումները, որոնք ՀՀ-ում կիրառվում են առաջին անգամ: Մեզ մոտ հիվանդները մշտապես գտնվում են բուժանձնակազմի ջերմ և բարեհամբյուր հոգածության ներքո: Բուժանձնակազմի առաջնային խնդիրներից է հիվանդներին մատուցել որակյալ բուժօգնություն և յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերել անհատական մոտեցում։ Նշեմ նաև, որ  «BEST LIFE» ԲԿ-ում հեմոդիալիզային բուժում ստացող պացիենտները հնարավորություն ունեն անվճար օգտվելու կլինիկայի պոլիկլինիկայի հագեցված ծառայություններից:

  • Կիսվել: