երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բենզինի գինը տնտեսապես կասկածներ է հարուցում, բայց ոչ թե բարձր, այլ հակառակը` ցածր լինելու առումով. Գևորգյան

Բենզինի գինը տնտեսապես կասկածներ է հարուցում, բայց ոչ թե բարձր, այլ հակառակը` ցածր լինելու առումով. Գևորգյան

Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` պատասխանելով բենզինի թանկացմանը վերաբերող հարցին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն՛՛։

Ըստ Գևորգյանի՝ հանձնաժողովն ուսումնասիրում է շուկայի հիմնական չորս տնտեսվարող ընկերությունների ներմուծման ու վաճառքի գները։ Նա հավելեց, որ իրենք ունեն ինքնարժեքի մասին տվյալներ, որոնք պատրաստ են փակ ռեժիմով քննարկման դեպքում ներկայացնել պատգամավորներին։

՛՛Ավելին ասեմ` այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը` ցածր լինելու առումով՛՛,-ասաց Գևորգյանը և զուգահեռներ անցկացրեց Վրաստանի հետ: Նրա խոսքով՝ Վրաստանի բենզալցակայաններում այսօր ՛՛ռեգուլյար՛՛ տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 364-365 դրամ, իսկ Հայաստանում նույն տեսակի բենզինի վաճառքի գինը մինչև վերջին թանկացումը տատանվում էր 330-370 դրամի սահմաններում։

՛՛Մեր կարծիքով` դեմպինգը շատ ավելի մեծ վնաս է պատճառում, քան գների բարձրացումը։ Մենք հիմա շատ ուշադիր հետևելու ենք։ Պարզաբանվելու է մեզ համար, թե ինչպես է ՀՀ-ում բենզինի մեկ լիտրը վաճառվել 350 դրամով՛՛,-ասաց Գևորգյանը:Ի

Խոսելով հեղուկ գազի շուկայի մասին, որտեղ ևս վերջին շրջանում մի քանի տասնյակ դրամի թանկացում է գրանցվել՝ Գևորգյանը նշեց, որ այն համահունչ է ինվոյսային գների փոփոխությանը։

Նրա խոսքով՝ հեղուկ գազի շուկան մրցակցային է։ 80-ից ավելի ընկերություն հեղուկ գազ է ներմուծում Հայաստան, և նրանցից ոչ մեկը չունի 13 տոկոսից ավելի կենտրոնացվածություն։ Նման դեպքում հակամրցակցային համաձայնության մասին խոսելը, ըստ Գևորգյանի, անհիմն է:

  • Կիսվել: