Բավականաչափ ջուր չունենք կուտակված հատկապես մեր խոշոր ջրամբարներում, տարին դժվար է լինելու. Տերտերյան
Անցած տարի նախատեսվածից քիչ ջուր է բաց թողնվել Սևանա լճից: 2022 թվականին սահմանվել էր բաց թողնել 179 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց օգտագործվել է 165,1-ը, մինչդեռ դրան նախորդող տարվա ընթացքում բաց է թողնվել 227 միլիոն խորանարդ մետր ջուր: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Բավականաչափ քիչ ջուր ունենք կուտակված հատկապես մեր խոշոր ջրամբարներում, մասնավորապես՝ Ախուրյանում, Ազատում, Ապարանում, և տարին դժվար է լինելու:
Մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք, որ այլընտրանքային որոշակի քայլերով մեղմենք ջրապահանջի պակասը, բայց, ըստ երևույթին, ինչ-որ պահի մենք Ազգային ժողովի հետ ստիպված կլինենք քննարկել նաև լրացուցիչ ջրաքանակ Սևանից բաց թողնելու խնդիրը:
Կրկնում եմ, որ ամեն ինչ կանենք դրան չհասնելու համար, բայց իրատեսական իրավիճակն ու թվերը դրա մասին են խոսում»,- ասաց նա և հիշեցրեց, որ նախանցած տարի ջրամբարներում 20-30 տոկոսով ավելի ջուր է եղել, քան ունենք այս տարի: Համեմատությունը վերաբերում է 2021 և 2023 թվականներին: