չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է. նախարարն այս տարի աճ է սպասում

Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է. նախարարն այս տարի աճ է սպասում

Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է, ոլորտն ամեն տարի աճում է, և ակնկալվում է, որ այս տարի այն էլ ավելի կմեծացնի իր կշիռը ՀՆԱ-ի մեջ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում:

«Այսօր բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը մեր տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսի չափով է, որը բավականին արագ աճում է: Ոլորտն ամեն տարի աճում է 20-30 տոկոսով, այս տարի կարծում ենք, որ մոտ մինչև 50 տոկոս կարող է ՀՆԱ-ի մեջ իր աճի կշիռը մեծացնի: Մենք կարծում ենք, որ 3-4 տարուց  այն կդառնա տնտեսության ամենախոշոր ճյուղը՝ ավելի բարձր քան հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը և այլն»,-ասաց Քերոբյանը:

Նախարարն այսպիսով մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիական ոլորտի դերը: Այդ ոլորտը բավականին բարձր արտադրողականություն ունի, նախարարը նկատեց՝ աշխատավարձերն են բարձր: «Ոլորտի միջին աշխատավարձը 1.1 մլն դրամ է՝ այն պարագայում, երբ միջին աշխատավարձը ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ 4 անգամ ավելի քիչ է»,-ասաց Քերոբյանը:

Խոսելով արդյունաբերության մասին՝ նա նշեց, որ մշակող արդյունաբերությունը պետք է լինի ՀՆԱ-ի 16.5 տոկոսը, որը գրված է նաև կառավարության ծրագրի մեջ: Նա վերջին տարիներին բավական արագ աճ է նկատում: Ակնկալվում է, որ տարվա արդյունքում մշակող արդյունաբերության մոտ 20 տոկոս աճ կարձանագրվի:

 

  • Կիսվել: