հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բարդ հարց եք բարձրացնում. Մհեր Գրիգորյանը՝ Միքայել Մելքումյանին՝ ավտոներկրողների խնդիրների մասին

Բարդ հարց եք բարձրացնում. Մհեր Գրիգորյանը՝ Միքայել Մելքումյանին՝ ավտոներկրողների խնդիրների մասին

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ անցյալ տարի Հայաստան է ներկրվել է 189 հազար ավտոմեքենա, որից 22 հազարն արտահանվել է Ղազախստան, 37 հազարը՝ Ռուսաստան: «Նշանակում է, որ մեր Հանրապետությունում 130 հազար մեքենայից ավելի մնացել են, որոնց մեծ մասը իրացման ակնկալիքով է»,- ասաց նա՝ բարձրացնելով ավտոներկրողների խնդիրները, որոնց հետ ավելի վաղ հանդիպում էր ունեցել:

Մելքումյանը հարցրեց. «Հունվարի 1-ից հետո ավտոներկրողներն իրենց մեքենաների իրացման հետ կապված որոշակի խնդիրների առաջ են կանգնել: Մարդիկ իրենց ռիսկերն ունեն, վարկեր են վերցրել, խնդիրներ կան: Իրավական առումով՝ հաշվի առնելով հաշվառման հետ կապված հայտնի պատմությունները, մենք խնդիր ունե՞նք: Կառավարությունն ինչ է մտածում ԵԱՏՄ շրջանակում ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու հետ կապված քայլեր իրականացնելու ուղղությամբ, որ մեր ավտոներկրողները կարողանան իրենց մեքենաներն արտահանել՝ ոչ միայն Ղազախստան, այլևս ԵԱՏՄ այլ երկրներ»:

Նրա հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ասելով, որ 2015թ. Հայաստանին տրված արտոնությունն ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ: Նա, մասնավորապես, նշեց. «Իսկապես, բարդ հարց եք բարձրացնում: Արտոնությունը, որը ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ն ստացել է ժամանակին, ունեցել է սոցիալական բնույթ, ոչ թե բիզնես, առևտրային կամ սպեկուլյատիվ բնույթ: Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ այն երկրները, որոնք ունեն սեփական արտադրություն, երբեք չեն համաձայնվել, չեն էլ համաձայնվի, որպեսզի լինի կոմերցիոն արտոնություն: Այս հարցին պետք է նայենք որպես սոցիալական արտոնության կիրառման որոշակի հետևանք»:

  • Կիսվել: