հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ-ն ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այս պահի դրությամբ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել այդ կետերի միջոցով և որ ժամերին: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, մասնավորապես, Երևան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը և ծառայությունները: Առաջին ընթերցմամբ քննարկմանը առաջարկվում էր, որ սահմանվի տեղական տուրք` 50 հազար դրամի չափով:

Սահմանվում է, որ քաղաքապետը կարող է թույլտվությունը մերժել բացառապես այն դեպքերում, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին, և  այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել ներկայացված պահից 10-օրյա ժամկետում:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։ Օրենքի նախագիծն ընդունվեց 74 կողմ և 41 դեմ ձայնով։

  • Կիսվել: