կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազատումներ և ԽԾԲ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. աշխատակիցներն ընդդեմ նորանշանակ ղեկավարի. «Հետք»

Ազատումներ և ԽԾԲ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. աշխատակիցներն ընդդեմ նորանշանակ ղեկավարի. «Հետք»

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի նշանակումից հետո աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել։ Այդ մասին «Հետքին»  ահազանգել են աշխատակիցները։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Մանվելյանը «Հետքին» պատմեց, որ տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակումից հետո իրենց ողջ բաժնին, որը բաղկացած է բաժնի պետից և 4 գլխավոր մասնագետից, կանչել են պաշտոնակատարի սենյակ և հորդորել ինքնակամ ազատման դիմումներ գրել։ Պատճառաբանությունը աշխատանքում թերացումներն են։

Լիաննա Մանվելյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունվել այս տարվա հունվարին։ Եթե երկարամյա աշխատակիցներին կարող էին նման մեղադրանքներ առաջադրել և այդ հիմքով ազատել աշխատանքից, ապա, իր խոսքով, ինքը նոր է սկսել աշխատել ՊՈԱԿ-ում և ներգրավված չի եղել ո'չ նախկինում ունեցած դատական, ո'չ էլ բաժնի այլ գործընթացներում, որոնցում իբրև թե թերություններ են հայտնաբերվել։ Հետևաբար, ըստ Լ․ Մանվելյանի, նման կերպ ստիպել աշխատանքից ազատվել՝ նշանակում է, որ ղեկավարությունը պարզապես ցանկանում է ազատվել աշխատակցից՝ յուրայիններին այդ հաստիքներում նշանակելու համար։

«Հենց տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, մեր նոր տնօրենը որոշեց, որ ՊՈԱԿ-ում պետք է սկսի կադրային ջարդ անել։ Սկսեց բոլոր աշխատակիցներին առանձին կանչել և ազատման դիմումներ գրել տալ, որովհետև չէր ուզում ազատումների տակ մտնել, որ հետո դատարանով մարդիկ չվերականգնվեին։ Մեկն էլ մենք էինք»,- ասում է Լիաննա Մարկոսյանը։

Իրավաբանական բաժնի աշխատակիցը հիշում է, որ ամեն ինչ սկսվեց 2021թ․-ի դեկտեմբերին, երբ փոխվեց Շրջակա միջավայրի նախարարը, նշանակվեց Հակոբ Սիմիդյանը։ Նա հունվարին Անտառային կոմիտեի նախագահ նշանակեց յուրային՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցող Վլադիմիր Կիրակոսյանին։ Այդ ժամանակվանից սկսվեցին Անտառային կոմիտե-«Հայանտառ» ՊՈԱԿ հակասությունները, որովհետև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Պավել Ցուգունյանը նախորդ նախարարի (Ռոմանոս Պետրոսյանի) նշանակած անձն էր։ Վլադիմիր Կիրակոսյանը փետրվարին իր տեղակալ էր նշանակել Սևակ Մարկոսյանին, այնուհետև հունիսի 29-ին նշանակեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Սևակ Մարկոսյանն էլ սկսեց կադրային ջարդը։

«Անտառային կոմիտեի նախագահը կանչեց մեր բաժնի պետին և նյութական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով դիմում գրել տվեց։ Բայց այդ ամեն ինչը դեռ պետք է ապացուցվեր։ Բայց քանի որ մեր բաժնի պետը շատ մարդկային, բնույթով բարի և սրտի վիրահատություն տարած մարդ էր, դիմում գրեց և գնաց։ Մնացինք բաժնի չորս աշխատակիցներս։ 3-4 անգամ մեզ նորից կանչեցին և անընդհատ հորդորում էին դիմում գրել, մենք ասացինք՝ ոչ»,- պատմում է Լիաննա Մանվելյանը։

Այս պահի դրությամբ Իրավաբանական բաժնից աշխատանքից ազատվել է բաժնի պետ Կարեն Գյուլումյանը, գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը։ Կարեն Գյուլումյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրեն մեղադրել են բաժնի թերացումների համար, թեպետ ինքը Իրավաբանական բաժինը ղեկավարել է 2011-2014թթ․, այնուհետև այս տարվա հունվարի 3-ից նշանակվել է բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

 «Պարզ է, որ թերություններ կլինեին, աշխատող մարդկանց մոտ են լինում թերություններ, բայց դրանք կարելի էր շտկել, ամբողջ բաժնում նախկինում 1-2 հոգի էր աշխատում, այդ ահռելի աշխատանքը քիչ թվով մարդիկ էին անում, և կարող էին նաև թերացումներ լինել։ Վերջերս են Իրավաբանական բաժնում հաստիքներն ավելացրել»,- պատմեց Կարեն Գյուլումյանը։

Կարեն Գյուլումյանը 18 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և նոր տնօրինության վերաբերմունքի հետ չի հաշտվել, գրել է ազատման դիմումը և հեռացել։ Նրան նույնիսկ թույլ չեն տվել օգտվել արձակուրդի իր իրավունքից։ Մեր հարցին, թե ինչու է ինքնակամ ազատման դիմում գրել, գուցե պետք է սպասեր՝ ազատեին, հետո բողոքարկեր ազատման հրամանը, Կ․ Գյուլումյան ասաց, որ «Հայանտառը» մի ընտանիքի նման էր, և ինքն էլ իրեն այդ ընտանիքի անդամ է համարել, նման գործընթացներ սկսելը նպատակահարմար չի գտել։

Ինչպես պատմեցին աշխատակիցները, հատուկ հաստիք է բացվել տնօրենի իրավախորհրդատուի համար, և այդ հաստիքում նշանակվել է Դավիթ Հովսեփյանը, որն էլ իրականացրել է իրավաբանական բաժնի աշխատանքների մոնիտորինգը։ Վերջինս իր համակուրսեցուն՝ Հարություն Սարիբեկյանին նախ համակարգչային ադմինիստրատորի պաշտոնին է նշանակել, այնուհետև՝ Կարեն Գյուլումյանի ազատումից հետո, միանգամից՝ Իրավաբանական բաժնի պետի պաշտոնում։

Նույն բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը ևս 5 անգամ դիմում գրելու առաջարկ է ստացել տնօրինությունից։ Սամվելը ՊՈԱԿ-ում վերջին երեք տարին է աշխատել՝ «Հայանտառի» 3 տնօրենների օրոք։

«Նոր իրավախորհրդատուն իբրև թե պետք է մեր թերությունների մասով եզրակացություն տար, ես էլ պահանջել էի իմ մասով ասել, թե ինչ թերություններ եմ ունեցել։ Բայց այդ եզրակացությունն առ այսօր չկա, թեւ պետք է տրված լիներ հուլիսին։ Սովորական տրամաբանական հարց է առաջանում՝ եթե մենք թերացել ենք ինչ-որ գործում, ինչու՞ կարգապահական պատասխանատվության ոչ մեկս չենք ենթարկվել, միանգամից ասում են՝ դիմում գրեք։ Ես ասել եմ՝ եթե ունեմ թերացումներ, կարող եք նյութական, նույնիսկ քրեական պատասխանատվության գործ սկսել իմ դեմ։ Ես կատարող-աշխատող եմ եղել, ինձնից վերև մի քանի գլուխ մարդ է եղել, իմ գրածից հետո առնվազն երկու վերադաս նայել է իմ արած աշխատանքը»,- մանրամասնում է Սամվել Վարոսյանը։

Վարոսյանի խոսքով՝ աշխատանքային 3 տարվա գործունեության ընթացքում 20 հայցադիմում է պատրաստել և ներկայացրել դատարան, գրեթե բոլոր գործերով վերջնական դատական ակտերը հօգուտ «Հայանտառի» են եղել։ Իսկ այն գործերը, որոնք բացասական ելք են ունեցել, ի սկզբանե «Հայանտառի» ղեկավարությունն իմացել է, որ հնարավոր չէր հօգուտ «Հայանտառի» դատական ակտ ունենալ, սակայն որոշել է դատական ընթացակարգով անցնել, ինչն ամրագրել է ստորագրությամբ։

«Իսկ իրենք (նկատի ունի նոր ղեկավարությունը-հեղ․), օրինակ, վերջին 4 ամսվա մեջ ի՞նչ հայցադիմում են ներկայացրել դատարան։ «Հայանտառ»-ում խնդիրները վերացե՞լ են»,- հարցնում է Սամվել Վարոսյանը։

Այդուհանդերձ, Վարոսյանն ազատման դիմում է գրել՝ համարելով, որ եթե ղեկավարությունը չի ուզում իր հետ աշխատել, ինքն էլ առանձնապես խանդավառված չի եղել նման ղեկավարության հետ աշխատելու հարցում։ Խնդրել է իրեն հասանելիք մեկշաբաթյա արձակուրդը տրամադրել, որի ընթացքում կփորձի նոր աշխատանք գտնել։ Սակայն նոր տնօրինությունը Սամվելին ոչ արձակուրդ, ոչ էլ ժամանակ է տվել նոր աշխատանք գտնելու համար։

Հուլիսի 29-ին Սամվել Վարոսյանն ազատման դիմում է գրել։ Միաժամանակ գործատուի հետ համաձայնագիր են ստորագրել փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի լուծման վերաբերյալ։ Սակայն ազատման հրամանի հիմքում դրվել է իր դիմումը, որը, ըստ Սամվելի, եղել է իր կողմից առաջարկ, որի հիման վրա կազմվել է պայմանագրի լուծման համաձայնագիրը։ Սամվելը սա ոչ իրավաչափ է համարում և դիմել է դատարան, քանի որ իր աշխատանքային հարաբերություններն, ըստ էության, չեն լուծվել իր դիմումի հիման վրա։ Նա պահանջում է անվավեր ճանաչել ազատման հրամանը, ուժը կորցրած ճանաչել նաև կողմերի միջև կնքված համաձայնագիրը, վերականգնել իրեն աշխատանքում, վճարել պարապուրդի ժամանակահատվածի համար, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հատուցում բռնագանձել աշխատավարձի վեցապատիկի չափով։

«Ինձ համար էական նշանակություն ունի իմ այդ հրամանի իրավաչափությունը։ Ի՞նչ անեմ, գնամ շնորհակալություն հայտնե՞մ, որ իմ հրամանի մեջ չեն գրել, որ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով են ինձ ազատել աշխատանքից, ի՞նչ տարբերություն որ։ Դավադիտ են արել, անառողջ մթնոլորտում չեմ ցանկացել աշխատել, համաձայնել եմ դուրս գալ»,- ասում է Սամվել Վարոսյանը։

Իր խոսքով՝ բոլոր երեք տնօրենների ժամանակ եղել և մինչ օրս էլ մնացել է անկուսակցական, մինչդեռ թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայիս ղեկավարությունը կուսակցական է։ Հակված է կարծելու, որ կուսակցական չլինելու պատճառով է նոր ղեկավարությունն ուզում ազատվել իրենից եւ մյուս աշխատակիցներից։

Իրավաբանական բաժնի աշխատակից Լիաննա Մանվելյանը հրաժարվել է ինքնակամ դիմում գրելուց։ Նրա նկատմամբ հետապնդումներ են սկսվել։

«Ինձ տնօրենի իրավախորհրդատուն մեկուկես ամիս առաջ կանչում է Կոմիտեի առաջին տեղակալի աշխատասենյակ։ Ասում է՝ հիմա ի՞նչ ես մտածում, դիմումդ գրու՞մ ես՝ գնաս, թե միջոցներ ձեռնարկենք, այսինքն՝ կարգապահականներով հանեն։ Ես էլ ասի՝ չէ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք։ Եվ սկսվեցին կարգապահականները»,- պատմում է Լիաննա Մանվելյանը։

Այս տարվա սեպտեմբերին Լիաննային առաջին կարգապահական տույժն են տվել՝ զգուշացում առավոտյան աշխատանքից ուշանալու համար։ Երկրորդ կարգապահական տույժը տվել են տնօրենի իրավախորհրդատու Դավիթ Հովսեփյանի հանձնարարությունը չկատարելու համար։ Այդ հանձնարարությամբ Լ․ Մանվելյանը 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է քաղաքացիական գործով հայցադիոմումի պատասխան գրեր՝ տրամադրելով տվյալ գործի նյութերը։ Լիաննա Մանվելյանը պնդում է, որ ինքը կատարել և հանձնել է աշխատանքները նորանշանակ բաժնի պետին, սակայն ՊՈԱԿ-ում տիրող անկազմակերպվածության պատճառով հնարավոր է՝ փաթեթը Հովսեփյանին չի փոխանցվել, կամ էլ վերջինս ժխտում է։ Ամեն դեպքում, այս երկու կարգապահական տույժերը Լիաննան պատրաստվում է բողոքարկել դատարանում։ Միևնույն ժամանակ սպասում է, որ հաջորդիվ իրեն տրվելու է հեռացնելու հրաման, որը նույնպես բողոքարկելու է դատական կարգով։

Սեպտեմբերի սկզբին «Հայանտառի» վարչական աշխատակազմից մոտ 10 հոգի ազատման դիմում է գրել։

«Մեզ թվացել է, թե 2018 թվից հետո էլ էսպիսի բաներ չպիտի լինեին, մենք հավատացել էինք դրան, բայց եկել ենք նույն բարքերին»,- ասում է Լինաննա Մանվելյանը։

Սևակ Մարկոսյանի բազմաթիվ հորդորներից հետո ազատման դիմում է գրել նաև ՊՈԱԿ-ի Գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Գևորգյանը։ Սակայն պարզվել է, որ նրան հետին թվով ազատման հրաման է տրվել։ Այդ հրամանով Արթուր Գևորգյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքից ազատվել է՝  հիմք ընդունելով իրավախորհրդատու Դավիթ Հովսեփյանի եզրակացությունն այն մասին, որ Արթուր Գևորգյանը սեպտեմբերի 20-ին ամբողջ օրը չի ներկայացել աշխատանքի։ Արթուր Գևորգյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել, և միակողմանի լուծվել է նրա աշխատանքային պայմանագիրը։ Արթուր Գևորգյանն այդ օրը մորաքրոջ թաղմանն է մասնակցել և բացակայության մասին զգուշացրել է բաժնի պատասխանատուին։

Քանի որ Արթուր Գևորգյանը երկար ժամանակ չէր համաձայնել ազատման դիմում գրել, նրան ևս ուշացման համար առաջին կարգապահական տույժը տրվել էր Լիաննա Մանվելյանի և ևս 4 աշխատակցի հետ միասին։

Արթուր Գևորգյանը «Հայանտառ»-ում աշխատում էր 2021թ․-ից, երկու պատերազմի մասնակից է՝ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա։

Բացի վերը թվարկածներից, այս պահի դրությամբ աշխատանքից ազատվել են նաև Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Շուշան Լազյանը, պայմանագրային աշխատակից Արմանդուխտ Ստեփանյանը, ֆինանսական տեղակալ Կարեն Ավետիսյանը, Հաշվապահական հաշվառման բաժնի պետ Իրինա Ավետիսյանը, Գործունեության վերլուծության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Իրինա Հովհաննիսյանը, Կադաստրի վարման բաժնի պետ Արմեն Գալստյանը, Անտառվերականգնման բաժնի մասնագետ Ռուզաննա Գոռոյանը։

Փոխարենը «Հայանտառ»-ի ղեկավարությունը որոշել է, որ աշխատակիցները պետք է արտահագուստով գան աշխատանքի՝ բաց գույնի վերնաշապիկ, կոստյում, ոչ աշխատանքային կոշիկներն արգելված են «Հայանտառ»-ում, չնայած այդ հաստատությունն Արմենակյան փողոցում է, մեծ մասն աշխատանքի է հասնում 2 տրանսպորտային միջոցով, զուգարանային տարրական պայմաններ չկան շենքում։

Լիաննա Մարկոսյանն ասում է, որ այս ամենի մասին բարձրաձայնել են վերադասին, դիմել են Անտառային կոմիտեի նախագահին, ՇՄ նախարարին, փոխվարչապետին, վարչապետի վերահսկողական ծառայությանը։ Անտառային կոմիտեի նախագահը պատասխանել է, որ Լիաննա Մարկոսյանի հայտնած տեղեկություններում հանցակազմ է տեսնում և դիմել է դատախազություն։

Սևակ Մարկոսյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հանձնարարականին ի պատասխան, անդրադառնալով Լիաննա Մանվելյանի շարադրած հանգամանքներին, հայտնել է, որ Մանվելյանի հետ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, վերջինիս հորդորել է աշխատել առավել արդյունավետ, բացառել շարունակ կրկնվող սխալներն ու թերացումները։

«Միաժամանակ հայտնել եմ, որ նման որակի աշխատանք կատարել շարունակելու դեպքում գործատուն ստիպված է լինելու դիտարկել աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակման հարցը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, քանի որ գործատուի համար առաջնային է աշխատակցի աշխատանքային պարտականությունների ժամանակին և որակյալ կատարումը՝ անկախ այն կատարողից»,- նշել է Սևակ Մարկոսյանը։

Ինչ վերաբերում է Լիաննա Մանվելյանին տրված նկատողությունների իրավաչափությանը, Սևակ Մարկոսյանը նշել է, որ նկատողությունները տրվել են՝ հիմք ընդունելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավախորհրդատու Դավիթ Հովսեփյանի և Իրավաբանական բաժնի պետ Հարություն Սարիբեկյանի եզրակացությունները, որոնք հիմնավոր են և օրենքի պահանջին համապատասխան։

«Ես միտում եմ տեսնում, ուզում են ազատվել այն մարդկանցից, որոնք իրենց խանգարում են, նշանակեն իրենց մարդկանց, որպեսզի անեն այն, ինչի համար իրենք եկել են։ Ի՞նչ պետք է անեն։ Վարձակալության պայմանագրեր կան, որոնց գործընթացն ահավոր վիճակում է։ Պետք է դրանք առաջ տանեն»,- ասում է Լիաննա Մանվելյանը։ Ապա հավելում է, որ Իրավաբանական բաժինն է զբաղվում անտառային հողերի վարձակալություններով, հետևաբար, գործընթացները պետք է վերահսկելի և կառավարելի լինեն նոր ղեկավարության համար։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ տեղյա՞կ է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ազատումներից, եւ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում։

«Աշխատանքային իրավահարաբերությունների ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական դեպքերը քննարկվում և ստանում են լուծումներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կողմի դիրքորոշումը, ինչպես նաև օրենսդրության պահանջները,- մեր հարցմանը պատասխանել է ՇՄՆ գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը և հավելել,- ՇՄՆ Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Անտառային կոմիտեի հաստիքացուցակում ընդհանուր 55 պաշտոն կա, որից 32-ը թափուր էր հոկտեմբերի 1-ի դրությամբ, այսինքն՝ ողջ հաստիքացուցակի կեսից ավելին թափուր է։ Նախարարին խնդրել էինք հայտնել, թե ինչո՞վ են պայմանավորված այսչափ մեծաքանակ թափուր պաշտոններն Անտառային կոմիտեում։

Համաձայն նախարարության պատասխանի՝ Կոմիտեի 55 հաստիքից 39-ը քաղաքացիական ծառայության պաշտոն է, և նոյեմբերի 1-ի դրությամբ համալրված է ընդհանուր հաստիքներից 25-ը, որից 16-ը՝ քաղաքացիական ծառայության պաշտոններում։ Քաղաքացիական ծառայության մյուս թափուր պաշտոնների համար հայտարարված են մրցույթներ։

Համաձայն ՇՄՆ պատասխանի՝ 2022թ․ Կոմիտեից անձնական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 12 աշխատակից, որից 3-ն աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում։ Գործատուի նախաձեռնությամբ ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից։

ՇՄՆ-ից խնդրել էինք տրամադրել նաև «Հայանտառի» անվանական հաստիքացուցակը՝ հասկանալու համար, թե ովքեր են նոր պաշտոններ զբաղեցնողները, և ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Սակայն ՇՄՆ-ն մերժել և չի տրամադրել «Հայանտառի» անվանական հաստիքացուցակն այն պարագայում, երբ Անտառային կոմիտեի անվանական հաստիքացուցակը տեղադրված է պաշտոնական կայքում։

««Հայանտառ» ՊՈԱԿ-ի անվանական հաստիքացուցակը չի կարող տրամադրվել, քանի որ աշխատողի անուն-ազգանունը հանդիսանում է անձնական տվյալ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում չի կարող տրամադրվել երրորդ անձանց»,- հայտնել է ՇՄՆ գլխավոր քարտուղարը։

«Հայանտառ»-ի ոչ անվանական հաստիքացուցակը մեր հարցումից հետո թարմացվել է Անտառային կոմիտեի պաշտոնական կայքում։ Այդտեղից պարզ է դառնում, որ «Հայանտառ»-ի տնօրենի աշխատակազմը 8-ից դարձել է 9։ «Հայանտառ»-ի տնօրենն ունի 3 տեղակալ, 2 օգնական, 2 խորհրդական, ավելացել է ևս 1 իրավախորհրդատու այն պարագայում, երբ ՊՈԱԿ-ն ունի Իրավաբանական բաժին։ Այդպիսով, ՊՈԱԿ-ում 56 հաստիք կա՝  հաստատված վերջին հրամանի համաձայն։

  • Կիսվել: