ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս տարի 50 մլն դրամի ներդրումներ անողի համար արտոնյալ պայմաններ կգործեն. փոխվարչապետ

Այս տարի 50 մլն դրամի ներդրումներ անողի համար արտոնյալ պայմաններ կգործեն. փոխվարչապետ

Փոփոխություններ են կատարվել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, այսինքն՝ տրանսֆորմացիայի է ենթարկել այն, որի նպատակը ներդրումների խթանումն է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին»,- նշեց վարչապետն ու դիմեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ պարզաբանելու համար։

Մհեր Գրիգորյանն ասաց՝ հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը կարևոր ռազմավարական կանոն է:

«Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետեւյալ տրամաբանությամբ` մինչեւ 250 մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչեւ 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետեւյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն է ստանում հավելյալ սուբսիդավորվել 400 մլն դրամի չափով եւ 36 ամիս ժամկետով, որը շատ էական է:

Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500 մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե  հաշվարկ անենք, տնտեսվարողի տարեկան խնայողությունը 500 մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա, ըստ էության, իր 1-2 տարվա շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»,- նշեց նա:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս պահի դրությամբ այս կանոնով մեկ հայտ բավարարվել է, եւս երկու հայտ քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է հարկային բարեփոխումներին, ապա նա ասաց, որ տնտեսության մեջ շուրջ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել:

 

  • Կիսվել: