չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե նման ձևով շարունակվի, կշարունակենք բացել տարբեր տնտեսական գործունեության տեսակները. Ավինյան

Եթե նման ձևով շարունակվի, կշարունակենք բացել տարբեր տնտեսական գործունեության տեսակները. Ավինյան

Փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են և, եթե այսպես շարունակվի. ապա կշարունակեն տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել։

Նա հիշեցրեց, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ին՝ ժամը 23:59-ից։

Ըստ փոխվարչապետի, թույլատրել են տնտեսական որոշ տեսակների գործունեությունը,  մասնավորապես, մշակող արդյունաբերության հատվածում պոլիգրաֆիական գործունեությունը, թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրությունը, արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրումը և այլն։

Փոփոխություններ են տեղի ունեցել մանրածախ և մեծածախ առևտրի հատվածում, ինչպես նաև որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժի սահմանափակումների հետ կապված իրավիճակը, մարզային անցակետերը հանվել են:

«Փաստացի բոլոր մարզերում վիրուսի տարածվածություն ունենք, ու այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ կա վերահսկողության կարիք, ինչպես նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե բռնկում լինի որևէ համայնքում: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով աստիճանաբար գնում ենք դեպի բացում»,- ասաց պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև նշեց, որ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի արդյունավետ են աշխատում։

«Համակարգն ամբողջապես տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, այնտեղից  և համաճարակաբանները, և ԱԻՆ աշխատակիցները, և ծրագրավորողները միասին աշխատում են մեր համակարգմամբ: Այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: Այս փուլում կարելի է ասել, որ վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, եթե նման ձևով շարունակվի, կրկին կշարունակենք բացել տարբեր տնտեսական գործունեության տեսակները»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: