երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Այգ-1» արևային կայանի ՇՄԱԳ հաշվետվությանը տրվել է դրական եզրակացություն

«Այգ-1» արևային կայանի ՇՄԱԳ հաշվետվությանը տրվել է դրական եզրակացություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ ՀՀ Շրջակա  միջավայրի նախարարությունը տվել է դրական եզրակացություն։

Դրական եզրակացության պայման հանդիսացող փորձաքննական պահանջները ներառում են, օրինակ.

  • Աշխատանքների իրականացման ընթացքում հետևել ամրագրված բնապահպանական պահանջների և միջոցառումների իրականացմանը:
  • Աշխատանքների ժամանակ պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտանետվող փոշու և առաջացող աղմուկի ու թրթռումների թույլատրելի մակարդակը:
  • ՇՄԱԳ հաշվետվությունում ամրագրված նախագծման նորմերի և բնապահպանական պահանջների կատարումը և նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացումը և այլն։

ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության համաձայն, նախատեսվում է, որ կայանի շինարարության տևողությունը կկազմի 18-24 ամիս:

Շինարարության ընթացքում վտանգավոր թափոններ գործնականում չեն առաջանալու, քանի որ տրանսպորտային և շինարարական միջոցների սպասարկումը կատարվելու է հատուկ մասնագիտացված կայաններում:

Արևային կայանը նախատեսվում է շահագործել 20 տարի (եթե շահագործման երկարացման որոշում չկայացվի): Կայանի շահագործումից հետո ապամոնտաժվում են բոլոր ժամանակավոր կառույցները, շինարարական աղբը տեղափոխվում է համայնքի կողմից հատկացված աղբավայր: Կայանի այն հատվածները, որտեղ հողային աշխատանքներ են իրականացվել շինարարության փուլում, ներառյալ ենթակայանի տարածքը, ծածկվում են սիզամարգով կազմված տեղի բնակլիմայական պայմաններին բնորոշ բուսատեսակներով:

Շինաշխատանքների ավարտից հետո շինարարական ճամբարները պետք է ապամոնտաժվեն և լանդշաֆտը պետք է վերականգնվի:

Հիշեցնենք, որ 200 մեգավատ հզորությամբ «Այգ-1» արևային կայանը կառուցվելու է Թալին խոշորացված համայնքի Թալին և Դաշտադեմ բնակավայրերի վարչական տարածքներում և դառնալու է Հայաստանի ամենամեծ արեւային էլեկտրակայանը՝ ապահովելով մինչեւ 2030թ. -ը նախատեսված Հայաստանի վերակագնվող էներգիայի մասնաբաժնի կեսից ավելին: Կայանի կառուցման համար ներդրվելու է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար: Կայանը նախատեսվում է գործարկել 2025 թվականից։

  • Կիսվել: