հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հիմա մենք կարող ենք «արևի երկիր Հայաստանը» նախադասությունը տրանսֆորմացնել էներգետիկ առումով անկախ Հայաստանի. Փաշինյան

Հիմա մենք կարող ենք «արևի երկիր Հայաստանը» նախադասությունը տրանսֆորմացնել էներգետիկ առումով անկախ Հայաստանի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Նա նաև պատասխանել է երիտասարդների հարցերին։

Փաշինյանի հարց է ուղղել «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի ուսանող Նարեկ Մկրտչյանը․ «Հարգելի´ պարոն վարչապետ, ձեզ ցանկանում էի մի հարց ուղղել: Հայաստանը ակտիվորեն զարգացնում է էներգետիկ ոլորտը: Ի՞նչ դեր կարող են ունենալ ինժեներական քոլեջի ուսանողները, օրինակ՝ մեր քոլեջի, այս գործընթացում և ինչպե՞ս կարող է պետությունն աջակցել նման նախաձեռնություններին»:
 
Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կա ատոմային էլեկտրակայան, որը էլեկտրաէներգիայի գործող ամենահզոր կենտրոնն է, և իր կարողությունը 400 մեգավատ է:
 
«2018 թվից հետո՝ վերջին տարիներին, Հայաստանում ձևավորվել է 1200 մեգավատ արևային էլեկտրական էներգիայի արտադրության կարողություն, այսինքն՝ 2,5 ատոմակայան: Արևային էներգետիկան այս պրոբլեմն ունի. երբ արև կա՝ կա, երբ արև չկա՝ չկա: Կամ կարելի է ասել՝ ցերեկը կա, գիշերը՝ ոչ։
 
Օրինակ, իմ քաղաքական գնահատականն այն է, որ այս տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությանը տվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ պետություն, որովհետև մեր արևային կարողությունները... լսել եք, չէ՞, «արևի երկիր Հայաստան»: Սա հիմա մենք կարող ենք այս «արևի երկիր Հայաստանը» նախադասությունը տրանսֆորմացնել էներգետիկ առումով անկախ Հայաստանի: Այստեղ մեր խնդիրը հետևյալն է՝ բա գիշերվա հարցը ո՞նց լուծել:
Եվ մեր ինժեներական միտքը պետք է այս ուղղությամբ աշխատի»,-նշել է վարչապետը:
 
Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտում այժմ շատ աշխատատեղեր են ստեղծվում, քանի որ զարգանում են նաև կարողությունները․ «Ես ուրախ եմ և քաջալերում եմ այդ ուղղությամբ գիտելիքը և կրթությունը զարգացնել, և մտածել նաև, թե ինչպես կարելի է լուծել այս հարցերը»։
 

  • Կիսվել: