երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին

Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին

Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ՝ Վիպուլ Գոյալին:

Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ:

«Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և աշխարհում վերականգնողական էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:

Ներդրումային այս ծրագիրը հաջորդում է «Մասդարի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) միջև 2019 թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին: Ըստ վերջինիս՝ կողմերը արտահայտել են փոխադարձ հետաքրքրվածություն վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Այս ծրագրով ապահովվում է 200 ՄՎտ ծավալի արտադրությունը՝ 2.90 ԱՄՆ ցենտ կՎտ/ժամ արժեքով:



Հաջողակ հայտատու ճանաչված «Մասդար» ընկերության կողմից կառուցվելիք արևային էներգիայի կայանը տեղակայվելու է Թալին ու Դաշտադեմ համայնքներում։ Ծրագրի 85 տոկոս բաժնեմասի շահառուն լինելու է «Մասդար» ընկերությունը, իսկ 15 տոկոս բաժնեմասինը՝ ԱՆԻՖ-ը:

Արևային կայանի շինարարական աշխատանքներն իրականացվելու են 24 ամսում: Ծրագրի արժեքը կազմում է 174 մլն ԱՄՆ դոլար, որն ամբողջովին իրականացնելու է էմիրաթական կողմը:

Ծրագիրն ունենալու է շղթայական ազդեցություն՝ նպաստելով մի շարք ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը:

 

  • Կիսվել: