հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց Կառավարության 19-րդ միջոցառումը

Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց Կառավարության 19-րդ միջոցառումը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ  միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին ևառանձին տնտեսավարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:

Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:

Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`

- համապատասխանում են «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,

- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային եւ վարկային պատմություն,

- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,

- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.

- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե  դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։

Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերի եւ վարկային հաստատությունների կողմից:

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին`

Արժույթը` ՀՀ դրամ,

Ժամկետը` առավելագույնը 60 ամիս,

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.

Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար եւ 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.

վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7-10 տոկոս:

  • Կիսվել: