չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտոնություն 5 տարով՝ «Լիեն Քոմփանի» ընկերությանը. 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում կարվի

Արտոնություն 5 տարով՝ «Լիեն Քոմփանի» ընկերությանը. 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում կարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում հավանություն տվեց «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության  կողմից ներկայացված գործարար ծրագրին:

Որոշվեց, որ Ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։

Ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը։

Նշենք, որ «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ։

  • Կիսվել: