ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն․ ԿԲ նախագահ

Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն․ ԿԲ նախագահ

Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության պայմաններում ՌԴ-ի տնտեսության նկատմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների հետևանքով դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների անորոշության էական աճ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածից ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։ Սրա հետևանքով արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն», - ասաց Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ, սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին։

«Ամբողջական պահանջարկն իր վրա կկրի դրամական փոխանցումների նվազման և արտաքին պահանջարկի թուլացման ազդեցությունները», - ասաց ԿԲ նախագահը։

Նա նշեց, թե զբոսաշրջության ոլորտից սպասվում է դրական նպաստում։

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը և բարձր անորոշությունը հանգեցրել է ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի և ռիսկի հավելավճարի մեծացման։ Առկա անորոշությունն արտահայտվել են նաև գնաճի և գնաճային սպասումների վարքագծում», - ասաց Մարտին Գալստյանը։ 

Ստեղծված իրավիճակում, Գալստյանի խոսքով, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում առաջիկայում ևս կդիտվի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը», - ասաց Մարտին Գալստյանը։

Նա նշեց նաև, թե կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։

«Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովվի գների կայունության նպատակ», - ասաց նա։

  • Կիսվել: