երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակների դեպքում շինաշխատանքների գնումները կարող են իրականացվել առանց փաստաղթերի. նախագիծ

Արտակարգ իրավիճակների դեպքում շինաշխատանքների գնումները կարող են իրականացվել առանց փաստաղթերի. նախագիծ

Կառավարությունը առաջարկում է արտակարգ իրավիճակների դեպքում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ իրականացնել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի։ Ազգային ժողողում նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

Նա նշեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ:
«Գնումների մասին» օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես  գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ:

 

«Այսինքն՝ շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել նշված փաստաթղթերի առկայության պարագայում: Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում՝ ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի դառնում օպերատիվորեն ապահովել նման հետեւանքների վերացումը, պայմանավորված փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության ապահովման հանգամանքով»,- ասաց Հայրապետյանը։

Նախագծով առաջարկվում է՝ նախատեսել, որ մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ, որով պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը, կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝

1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ կառավարությանը կվերապահվի նման դեպքերում գնումների գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու իրավասություն, նկատի ունենալով, որ կարգը կնախատեսի կարգավորումներ գնման գործընթացը մրցկացային, թափանցիկ, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ:

Նախագծով սահմանվող կարգավորումների միջոցով նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն:

  • Կիսվել: