հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտադրում ենք ծխախոտ, կոնյակ, բայց բարձր տեխնոլոգիաների ստեղծումն ու արտահանումը մնում է բաց. Արծվիկ Մինասյան

Արտադրում ենք ծխախոտ, կոնյակ, բայց բարձր տեխնոլոգիաների ստեղծումն ու արտահանումը մնում է բաց. Արծվիկ Մինասյան

Վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշները նայելիս առաջին հայացքից թվում է՝ առաջընթաց ունենք, բայց ընդհանուր գնահատմամբ մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել, այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նկատեց, որ տնտեսության կառուցվածքում արմատական փոփոխություններ ու առաջընթաց ապահովող քաղաքականություն այս պահին չի տեսնում:

«Տնտեսական աճին զուգահեռ անկում է նկատվում այն ոլորտներում, որոնք իրական տնտեսական համակարգ են ներկայացնում։ Գյուղատնտեսության ոլորտում մենք 60 մլրդ դրամով պակաս ստեղծված արժեք ունենք, քան 2018 թվականին։ Շինարարության ծավալներն էլ, ըստ էության, նույնն են մնացել՝ 406 մլրդ դրամի կարգի։ Ֆինանսական ապահովագրության մասով աճը շուրջ 68 մլրդ է, բայց սա կապված է տնտեսության վարկավորման և վերավարկավորման հետ։ Զվարճությունների և հանգստի ոլորտում ունենք 25 մլրդ դրամի աճ, ինչը, ցավոք, իրական տնտեսություն չէ»,- թվարկեց դաշնակցական գործիչը:

Գործող իշխանությունների տնտեսական քաղաքականության մյուս թերությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ շարունակում է ռեսուրսների վրա հիմնված տնտեսության մոդելը աշխատել։

«Մենք պարզ և աշխատուժ պահանջող, բայց ոչ գիտատար ոլորտն ենք դարձրել մեզ համար լոկոմոտիվ։ Արտադրում ենք ծխախոտ, կոնյակ, բայց բարձր տեխնոլոգիաների ստեղծումն ու արտահանումը մնում է բաց։ Օրինակ, դեղերի և պատվաստանյութերի արտահանումը 2.5 տոկոս է կազմում, մինչդեռ առաջադեմ երկրներում այն տատանվում է 30-40 տոկոսի շրջանակում։ Այսինքն՝ մենք էստեղ ունենք բավականին անելիք։ Այս ամենի հիմքը ներդրումային քաղաքականությունն է»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ չի ձևավորվել համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից:

  • Կիսվել: