շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առևտրի արդյունքում թոշակառուները և նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար. վարչապետ

Առևտրի արդյունքում թոշակառուները և նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար. վարչապետ

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տնտեսական առումով լավատեսական են նաև 2023 թվականի մեկնարկային ցուցանիշները: Հունվար-փետրվարի արդյունքներով՝ շարունակում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ ունենալ՝ 10.9 տոկոս՝ ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին եռամսյակի բյուջետային եկամուտները գերակատարվել են շուրջ 14 մլրդ ՀՀ դրամով: Կարևոր է արձանագրել նաև, որ այս տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում են 221.5 մլրդ ՀՀ դրամով կամ 92.3 տոկոսով: Իսկ եթե հաշվի չառնենք եկամտային հարկի գծով վերադարձված գումարները, այս թիվը 2018 թվականի առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշը գերազանցում է շուրջ 234 մլրդ ՀՀ դրամով կամ 97.2 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի առաջին եռամսյակի բյուջետային հարկային եկամուտները գրեթե կրկնապատկել ենք:

2023-ի առաջին եռամսյակում քաղաքացիներին եկամտային հարկի վերադարձի գումարները՝ 2018 թվականի համեմատ, գերազանցում են շուրջ 12.5 մլրդ ՀՀ դրամով կամ 1417 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը` շուրջ 12.9 մլրդ ՀՀ դրամով կամ 2573 տոկոսով:

Սա բարձրաձայնում եմ արձանագրելու համար, որ մենք հարկեր ոչ միայն ավելի շատ հավաքում ենք, այլև շատ վերադարձնում քաղաքացիներին: Եւ եթե հարկեր հավաքելու մեր ցուցանիշները նախկինից ավելի են երկնիշ տոկոսներով, ընդհուպ մոտենում են եռանիշին, հարկերը վերադարձնելու ցուցանիշները եռանիշ և քառանիշ տոկոսներով են տարբերվում:

Հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարևոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են, և տեղյակ եք, որ կենսաթոշակների 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսված բարձրացումը մենք իրականացրինք 2022 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ 4 ամիս նախատեսվածից ավելի շուտ՝ հենց նկատի ունենալով բյուջետային բարենպաստ պայմանները: Այդ բարձրացման և 2022 թվականի բարձրացումների շնորհիվ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն աճեց 19 տոկոսով՝ 26 հազար 500 դրամից դառնալով 31 հազար 600 դրամ: Իհարկե, բացարձակ թվերը մեծ չեն, բայց մենք ավելացնում ենք եղածի վրա: Նաև աճեց նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն: Գիտեք, որ կենսաթոշակների բարձրացում տեղի է ունենալու նաև այս տարվա հուլիսի 1-ից:

Բայց կենսաթոշակի ոլորտում մենք ներդրել ենք ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ բարձրացումների մեխանիզմ, և դա տեղի է ունեցել որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ: 2022-2023 թվականներին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հանրապետության բոլոր քաղաքների և հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի շուրջ 498 000 թոշակառուներ իրենց թոշակներն ստանում են անկանխիկ եղանակով, սա թոշակառուների ընդհանուր 85 տոկոսն է: Զուգահեռ մենք արեցինք հաջորդ քայլը, և 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», որի իմաստը հետևյալն է. կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի 10 տոկոսի չափով հետվճար է իրականացվում, այսինքն՝ կենսաթոշակից կամ նպաստից իրականացված անկանխիկ առևտրի 10 տոկոսը Կառավարության և բանկերի կողմից վերադարձվում է քաղաքացիներին:

Ու որպեսզի անկանխիկ առևտրի իրական հնարավորություն ստեղծվի հանրապետության բոլոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար, Կենտրոնական բանկը և Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա հուլիսից էականորեն ակտիվացրին ՊՈՍ տերմինալների ցանցի ընդլայնման աշխատանքը: Գիտեք՝ սրանք այն սարքերն են, որոնք հնարավորություն են տալիս անկանխիկ առևտուր անել խանութներում: Արդյունքում շատ կարևոր ինստիտուցիոնալ զարգացում ունեցանք. եթե 2022-ի հուլիսի 1-ին հանրապետության ակտիվ ՊՈՍ տերմինալները կազմում էին 22 հազար 293 հատ, 2023-ի փետրվարին դարձել է 70 հազար 267: Այսինքն, այս փետրվարի դրությամբ 2022-ի հուլիսի նկատմամբ գործող ՊՈՍ տերմինալների թիվն աճել է 215 տոկոսով: Հետաքրքիր է, որ 2017 թվականի նկատմամբ աճը կազմել է 816 տոկոս:

Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի հուլիսին կենսաթոշակառուների կամ նպաստառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի ծավալները ձգտում էին 0-ի, այսինքն՝ թոշակառուներն անկանխիկ առևտուր, ըստ էության, չէին անում: Բայց նախորդ 8 ամիսների ընթացքում մենք ամսական մի քանի հարյուր միլիոն դրամի աճ ենք արձանագրել, և արդեն 2023 թվականի մարտին կենսաթոշակառուների ու նպաստառուների իրականացրած անկանխիկ առևտրի ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ, ավելի կոնկրետ՝ 3 մլրդ 993 մլն ՀՀ դրամ: Եւ ահա, այս առևտրի արդյունքում թոշակառուները և նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար, այդքան գումար հետ է վճարվել իրենց: Ծրագրի մեկնարկից մինչև մարտը ներառյալ՝ կենսաթոշակառուները և նպաստառուները 19 մլրդ 754 մլն ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ են իրականացրել, իսկ դրանց դիմաց տրվել է ավելի քան 1,6 մլրդ ՀՀ դրամ հետվճար։ Սա նույնպես կենսաթոշակների և նպաստների բարձրացում է՝ այս անգամ արդեն Կառավարության, բանկերի, կենսաթոշակառուների և նպաստառուների համագործակցության շնորհիվ: Ուզում եմ ընդգծել, որ մարտին ծրագրի շահառուների թիվը հատել է 100 հազարը, այսինքն՝ ավելի քան 100 հազար կենսաթոշակառու և նպաստառու, մինչդեռ 2017 թվականի հուլիս-օգոստոսին այդ թիվը կազմում էր 10-15 հազար:

Այս ծրագիրը համարում եմ ամենավառ արտահայտություններից մեկը մեր ծրագրային այն մոտեցման, որ մեր կայացրած որոշումները ոչ թե մեկ, այլ զուգահեռ մի քանի խնդրի լուծմանը պիտի ուղղված լինեն: Այս որոշմամբ մենք ուժեղացնում ենք սոցիալական պաշտպանության համակարգը, ուժեղացնում ենք պայքարը ստվերի դեմ, անկանխիկ առևտրի ցանցն են զարգացնում և ստանում ենք այլ հարակից էֆեկտներ: Օրինակ՝ ոչ միայն կենսաթոշակառուների, այլև ընդհանրապես անկանխիկ առևտրի աճի տեմպերը տպավորիչ են:

2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրլն ՀՀ դրամի՝ 2021 թվականի նկատմամբ աճելով, մեկ տարվա մեջ, 58 տոկոսով, իսկ 2017 թվականի նկատմամբ գրեթե տասնապատկվել է անկանխիկ առետուրը: Ինչո՞վ է կարևոր, որովհետև եթե առևտուրն անկանխիկ է, մեծ հավանականությամբ՝ ստվերից դուրս է, այսինքն՝ պետական եկամուտներն են աճում, տնտեսական ցուցանիշներն են աճում: Աճել են նաև ընդհանրապես առևտրի ծավալները. օրինակ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2,4 տրլն ՀՀ դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 591 մլրդ ՀՀ դրամով կամ 1.4 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 31,3 տոկոսով ավելին է, քան 2022 թվականի առաջին եռամսյակում։ Այս ցուցանիշն ինչո՞վ է կարևոր՝ այսքան ավելի գումար ոչ միայն երևացել է պետությանը, այլև մտել է կոնկրետ տնտեսություն, որովհետև դրանք կոնկրետ բիզնեսներ են, սրճարաններ են, ռեստորաններ են, փոքր և միջին բիզնեսներ են, որոնք 1.4 մլրդ-ով ավելի շրջանառություն են ունեցել՝ նախորդ տարվա ընդամենը 3 ամսում: Իսկ ՀԴՄ կտրոնները 2023 թվականի առաջին եռամսյակում 564 մլրդ ՀՀ դրամի արժեքով են տպվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի է 48,7 մլրդ ՀՀ դրամով կամ 9,4 տոկոսով։

Սա ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ մեր հետևողական պայքարի կարևորագույն արգասիք է:

Եւ ուզում եմ ընդգծել, որ տնտեսական քաղաքականության կարևորությունը, հատկապես արդի իրավիճակում չի կարելի թերագնահատել, որովհետև, ի վերջո, մենք պետք է քաղաքականապես ճշգրտենք, ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք ասելով տնտեսություն: Ի վերջո, տնտեսությունն այն միջավայրն է, այն մեխանիզմն է, որը գեներացնում է կամ պիտի գեներացնի այն գումարները, որ մեզ անհրաժեշտ է անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար:
Ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկերից, ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկեր վճարելուց, ինչո՞ւ են այդքան շնորհակալ բոլոր օրինապահ, աշխատող և հարկ վճարող քաղաքացիներից: Որովհետև, հարգելի գործընկերներ, պետություն ունենալը թանկ հաճույք է: Եւ պետություն ունենալու հաճույքի և արտոնության համար վճարում են նրանք, ովքեր ունեն քաղաքական և քաղաքացիական կամք՝ այդ պետությունն ունենալ, այդ պետությունը պահել, այդ պետությունը պահպանել և զարգացնել: Եւ մենք պետք է արձանագրենք՝ երբ ասում ենք ստվերի կրճատում, երբ ասում ենք ազատ տնտեսական միջավայր, դա ի՞նչ է նշանակում, որ մինչև այս պահը մենք դեռևս չունենք այնպիսի տնտեսություն, որը գեներացնի այնքան գումարներ, որ մեզ անհրաժեշտ է լիարժեք, անկախ, ինքնիշխան և մրցունակ պետություն ունենալու համար:

Սա է պատճառը, որ մենք այդքան շեշտադրում ենք տնտեսական աճը և պետական բյուջեի հարկային և ոչ միայն հարկային եկամուտները: Եւ ուզում եմ նորից ընդգծել, որ մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է. բոլոր կարգի մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ե՛ւ սիմետրիկ, ե՛ւ ասիմետրիկ: Ասիմետրիկ նշանակում է՝ հասկանալ այդ մարտահրավերները սրելու և սրողների նպատակը: Նրանց նպատակն է՝ խաթարել Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացումը և մեզ բոլորիս ժամանակ չթողնել զբաղվել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգով: Բայց մենք արձանագրում ենք, որ ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակարգից, որովհետև խոսքը մեր այսօրվա, մեր վաղվա և մեր սիրելի երեխաների ապագայի մասին է»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: