հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկրում տարադրամի կուրսի տատանում կարող է առաջանալ․ Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ գործունեության մասին

Երկրում տարադրամի կուրսի տատանում կարող է առաջանալ․ Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ գործունեության մասին

 Այս 12 օրում արդեն մոտ 20 մլն դոլար չի մտել ՀՀ, և դա կարող է երկրում տարադրամի կուրսի տատանման հանգեցնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը։ 

Նրա խոսքով՝ 12 օրից ավել է՝ մեր երկրի իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և վնասների։ 

«Այսօր սահմանին կուտակված է շուրջ 40 վագոն խտանյութ, և մաքսատան աշխատակիցները պարզապես թույլ չեն տալիս, որ այն դուրս գա՝ առանց որևէ բացատրության»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը․ «Հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր, տարեցները, կանայք։ Մարդիկ հստակ ասում են՝ իրենցից ցուցմունքներ են կորզում։ Դա հանցագործության մասին հաղորդում է, իսկ իրավապահ մարմիններից արձագանքը զրո է։ Այս պահին էլ մոտ 10 քննչական խմբեր են աշխատում, որոնք նույն կերպ փորձում են իմ, համայնքապետների վրա ամրացնել իրենց կորզած ապօրինի ցուցմունքները»։

Վահե Հակոբյանը նաև հայտարարեց, թե Սյունիքում նախընտրական շրջանում գումար է բաժանվել բնակիչներին՝ պարգևավճարների, սոցիալական օգնության, նպաստների անվան տակ։ «Սյունիքի գործող մարզպետն իր «ազգուտակին» գումարներ է բաժանել, պարզեք՝ 300 մլն դրամից ավելի գումարն ուր են փոխանցել վերջին մեկ ամսում»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ օրերս իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկություն էին իրականացրել ԶՊՄԿ-ում։ Վահե Հակոբյանի խոսքով՝ երեկ իրավապահ մարմինները լքել են ԶՊՄԿ տարածքը, որտեղ էին, ըստ Հակոբյանի, գորհայիններով, «ավտոմատներով»։ «Սև լիճը կոմբինատի հետ էին շփոթել, ու երեկ լքել են տարածքը»,-ավելացրեց Հակոբյանը։

 

 

  • Կիսվել: