Արդեն իսկ կան լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին
Բոլոր պոտենցիալ խնդիրները մոնիթորինգի տակ են ամենօրյա կտրվածքով, որովհետև, այո՛, և՛ փախստականների, և՛ լոգիստիկ խնդիրներ, և՛ էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր: Այդ մասին ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ Իրանից փախստականների հնարավոր հոսքի մասին հարցին:
«Պետք է մտածել, պետք է մշակել սցենարներ, որոնք իքս պահի կարող են պետք լինել կամ կարող են պետք չլինել: Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում և մշակում ենք այս կամ այն սցենարներից ելնելով գործողությունների պլաններ: Ես վստահեցնում եմ, որ կոնսոլիդացված տարբեր գերատեսչությունների կազմում այդ հարցերը քննարկվում են, ուղղակի սցենարների մասով չէի ցանկանա հիմա դետալիզացնել, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել»,- նշեց Մհեր Գրիգորյանը: