չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը՝ ՀԷԿ-երի, տնտեսության զարգացման, ՌԴ հայ համայնքի ներուժն օգտագործման մասին

Արայիկ Հարությունյանը՝ ՀԷԿ-երի, տնտեսության զարգացման, ՌԴ հայ համայնքի ներուժն օգտագործման մասին

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախընտական ծրագրում նշված բոլոր ծրագրերը՝ սոցիալական, առողջապահական, կրթական, իրականացնելու են։

Ինչ վերաբերում է բնակարանային ծրագրերին, նա ընդգծեց. Համոզված եղեք, որ բնակարանաշինության տեմպերը այնքան արագ են լինելու, այնքան մեծածավալ են լինելու, որովհետև ունենք աղբյուրներ, ինվեստորների հաստատված ցանկ, որոնք պատրաստ են շարունակել` անգամ այս իրավիճակում նախանշված ծրագրերը։ Դրանք վերաբերում են բնակարանային շինարարությանը, հիպոթեկային արտոնյալ վարկավորմանը, տարբեր սոցիալական ծրագրերին և առողջապահությանը։ Բոլորն էլ կատարվելու են, ինձ թվում է, մենք որևէ խնդիր չենք ունենալու այդ ծրագրերը կատարելու համար»։  

Խոսելով տնտեսական աճից, նորանշանակ նախագահն ասաց՝ համոզված է, որ 2020 թ. տնտեսական ցուցանիշները բացասական չեն լինելու, իսկ 2021 թվականին լինելու է թռիչքային աճ։

Անդրադառնալով տնտեսական ծրագրերին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ էլեկտրական մեքենաների ձեռքբերման համար նախատեսված անտոկոս վարկերի տրամադրման ծրագիրը, չնայած նախատեսել էին սկսել 2021 թվականի հունվարի 1-ից, սակայն ավելի շուտ են սկսելու. «Սեպտեմբերի 1-ից ծրագիրը սկսելու ենք կյանքի կոչել»։

Նա նաև ասաց, որ շարունակվելու է ՀԷԿ-երի շինարարությունը, խստացվելու են բնապահպանական պայմանները, հասարակությունն ավելի տեղյակ է լինելու ցանկացած ՀԷԿ-ի բնապահպանական նորմերին, որպեսզի չառաջնորդվեն սիրողական մեկնաբանություններով: «Այն, որ հիդրոէներգետիկան լինելու է մեր գլխավոր այլընտրանքային էներգիայի աղբյուրը, որը ապահովելու է ոչ  միայն Արցախի էներգետիկ անկախությունը, այլև՝ Հայաստանի, դա միանշանակ է»,- ընդգծեց Արցախի նորանշանակ նախագահը։

Նա նաև ասաց, որ ցանկացած ոչ իրավական միջամտություն`ՀԷԿ-երի շինարարությանը, օրենքով պատասխան են տալու։

«Ես նշել եմ, որ եթե տվյալ ՀԷԿ-ի շինարարությունը չի համապատասխանում բնապահպանական նորմերին, ոչ միայն չենք թույլատրելու, այլև պատժելու ենք բոլորին, իսկ եթե բնապահպանական որևէ խախտում չկա, համապատասխանում է միջազգային նորմերին, ապա, եթե որևէ մեկը փորձի խանգարել, դա համարվելու է երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ, միջամտություն, ընդհուպ անվանվելու է դիվերսիա և պատասխան են տալու օրենքի առաջ»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե ինքն որևէ ՀԷԿ-ի սեփականատեր է հանդիսանում, նա հակադարձեց՝ ասելով, որ ՀԷԿ չունի, բայց ջատագովն է ՀԷԿ-երի շինարարությանը, քանի որ երկրի պարենային և էներգետիկ անկախության հարցում այլ հնարավորություն չկա. «Ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը` մեր թշնամիներն են։

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ Արցախում զարգացնելու են արևային էներգետիկան։ Մասնավորապես, մի շարք վերաբնակեցված գյուղերում անտոկոս վարկավորում է իրականացվելու արևային մարտկոցների ձեռքբերման ուղղությամբ, իսկ հետո ծրագիրը գործելու է ամբողջ Արցախում:

«Այն, որ իմ նախագահության հինգ տարիները Արցախի պատմության մեջ կմնան որպես սոցիալ-տնտեսական զարգացման լավագույն ժամանակահատվածներից մեկ, դրանում համոզված եմ,  եթե չլինի շատ ավելի ծանր ֆորս-մաժորային իրավիճակ։ Միանշանակ, այս ֆորս-մաժորին մենք դիմակայելու ենք»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նա նաև հայտնեց, որ մտադիր է օգտագործել Ռուսաստանի հայ համայնքի չօգտագործված ներուժը: Մասնավորապես, ըստ Ա.Հարությունյանի, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվի, Արցախի նախագահի կարգավիճակում արտասահմանյան ուղևորությունների առաջին ուղղությունը կլինի Ռուսաստանը, որտեղ մեծ հայկական համայնք կա։

«ՌԴ հայ համայնքի ներուժն ամբողջության օգտագործված չէ: Ռուսական համայնքի մեկ ներկայացուցիչ տարեկան շատ ավելին կարող է անել, ինչպես, օրինակ, Սամվել Կարապետյանն է անում: Համարյա Արցախի և Հայաստանի չափ համայնք ունենք ՌԴ-ում, ղարաբաղյան համայնքը հիմնականում Ռուսաստանում է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

 

 

 

 

  • Կիսվել: