Առաջիկա ԱԺ ընտրությունների համատեքստում պետք է հարկի նկատմամբ հարազատություն ձևավորենք. Փաշինյան
Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հիշում եմ՝ դեռ լրագրող եղած ժամանակներից, նաև որպես պատգամավոր գործելով բյուջեին տարբեր անուններ եմ տվել՝ ճգնաժամի բյուջե, հետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե, ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչ է պետք Հայաստանի Հանրապետությանը և նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։
Բայց անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Եթե մարդն ունի հարմար, նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է։ Պատկերացրեք մարդն ունի լավագույն ձևով կառուցված և նորոգված առանձնատուն, և մարդը իր ընտանիքով ապրում է այդտեղ, արդյո՞ք դա բավարար է, որ նա համարվի բարեկեցիկ, բացարձակապես բավարար չի, որովհետև կարող է այդ բնակարանը, այդ տունը, հազար ներողություն, չունենալ կոյուղի, ջրամատակարարում, էլեկտրական հոսանք, որովհետեւ դրանք հանրային ենթակառուցվածքներ են։ Եթե մարդը այդ տանը ամեն օր առավոտյան ուտում է սև խավիար, կեսօրին կարմիր խավիար երեկոյան և կարմիր, և սև խավիար, բայց այդ տնից դուրս գալու համար պետք է մեկուկես մետրանոց ռետինե սապոգներ հագնի, որովհետև հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի, այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ»,–ասաց նա։
«Վերջին շրջանում շատ քննարկվում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը, ես բոլոր դեպքերում ասում եմ, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց և ուղղակի լուռ նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։
Մեր գյուղերի փողոցների 90% –ը իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ, այսինքն փողոցը չեն ունեցել, ոչ մի ենթակառուցվածք չի եղել։
Այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց, անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն և մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում և առավել ևս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն պետք է հարկի նկատմամբ ձևավորել հարազատություն։
Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նաև նրա չափից, նրա կշռից, հանգամանքից, ծավալից։ Եվ ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է։ Ես նույնիսկ հույս չունեմ, չեմ էլ կարող այդպիսի խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք։ Համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի նրա մասին, որ մենք ըմբռնում պետք է ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկը ա իր ընտանիքի, իր երեխայի, իր, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։
Մենք պետք է հասկանանք՝ ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար և ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։