Առաջարկվում է վավերացնել ԵԽ Օվիեդոյի կոնվենցիան. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) ստորագրման համար բացվել է 1997 թ. ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել 1999 թ. դեկտեմբերի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թ. մայիսի 16-ին: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Օվիեդոյի կոնվենցիայի նպատակը և կարգավորման առարկան կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությունն է առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության և այլ իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորումը:
Օվիեդոյի կոնվենցիան բազմակողմ միջազգային պայմանագիր է՝ ուղղված կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու արժանապատվության ու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխավորման կառուցակարգերի ապահովմանը:
Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի մշակած օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և սահմանում է այնպիսի կարևոր հարցերի կարգավորումներ, ինչպիսիք են` բուժառուի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքը օրգանների և/կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում, գենետիկ ժառանգության պահպանումը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը, պտղի սեռի խտրական ընտրության արգելքը և այլն:
Կոնվենցիան նաև հայտնի է որպես բուժառուների իրավունքների պաշտպանության եզակի իրավական փաստաթուղթ:
Հայաստանի կողմից ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքները առողջապահության ոլորտում պաշտպանելու տեսանկյունից:
Կոնվենցիայի վավերացումը ՀՀ կողմից կարևորագույն վկայություն է առողջապահության ոլորտում ազգային օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխանության վերաբերյալ և դրական ազդեցություն կունենա ՀՀ միջազգային հեղինակության վրա:
Կոնվենցիայի վավերացումն ընդգրկված է եղել դեռևս ԵԽ-Հայաստան գործողությունների 2019-2022 թթ. ծրագրում, և այս համատեքստում ԵԽ-ն մեծապես աջակցել է ՀՀ իշխանություններին՝ Օվիեդոյի կոնվենցիան վավերացնելուն ուղղված ջանքերում, մասնավորապես՝ կենսաբժշկության մեջ իրավական նորմերը և իրավական պրակտիկան մարդու իրավունքների և էթիկայի եվրոպական չափանիշներին ավելի մոտեցնելու, ինչպես նաև իրավաբանների, առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում համապատասխան կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման հարցերում:
Հիմք ընդունելով Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կարևորագույն սկզբունքները, ոլորտում ազգային օրենսդրության համապատասխանությունը Կոնվենցիայով ամրագրված դրույթներին, կոնվենցիայի վավերացման արդյունքում բուժառուների իրավունքների պաշտպանության հնարավոր բարելավումը` ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի կողմից կոնվենցիայի վավերացումը: