հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առաջարկվում է ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար սահմանել տուգանքների առավել պարզ ու արդյունավետ մեխանիզմ

Առաջարկվում է ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար սահմանել տուգանքների առավել պարզ ու արդյունավետ մեխանիզմ

Ազգային ժողովը քննարկում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: ՀԴՄ կիրառության կանոնների մասով առաջարկվում են կարգավորումներ, որոնց համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ պատասխանատվության միջոցները վերանայման կարիք ունեն: Խոսելով այդ միջոցների մասին՝ նա նշեց, որ գործող կարգավորումներով՝ ՀԴՄ չունենալու համար սահմանված է 300 հազար դրամ տուգանք առաջին անգամ հայտնաբերելու դեպքում: Երբ միևնույն տնտեսվարողի մոտ երկրորդ անգամ են բացահայտում ՀԴՄ-ի բացակայություն, նա ենթարկվում է 600 հազար դրամ տուգանքի:

ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման համար կա պատասխանատվության միջոց 150 հազար դրամի չափով, իսկ հանրային սննդի համար սահմանված է 600 հազար դրամ, որոշ դեպքերում նաև սուբյեկտի գործունեությունն է կասեցվում: Տնտեսվարողը հնարավորություն ունի նաև կասեցումը փոխարինել տուգանքով:

«Առաջարկում ենք վերանալ այն մեխանիզմից, որը սահմանված է ըստ ոլորտների տուգանքների սահմանման առումով, ուժը կորցրած ճանաչել օրենսգրքով կասեցման դրույթները, տուգանքով փոխարինելու դրույթները և սահմանել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման համար մեկ միասնական, պարզ, հստակ պատասխանատվության չափ:

Առաջարկում ենք սահմանել հետևյալը. նախորդ եռամսյակում ՀԴՄ-ների իրացման շրջանառության 0.5 տոկոս՝ գումարած 200 հազար դրամ: Սա կկազմի տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքի համար, և որևէ դեպքում չենք առանձնացնի՝ առաջի՞ն, երկրո՞րդ, թե՞ երրորդ դեպքն է»,- ասաց Մանուկյանը:

Ապրանք մատակարարող, սակայն փաստաթուղթ չունեցող սուբյեկտների շրջանում համապատասխան վարքագիծ ձևավորելու համար նախատեսվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը. 1-ին դեպքի համար՝ 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 2 միլիոն դրամ, 3-րդ և ավելի դեպքերի համար՝ 1 միլիոն դրամի փոխարեն՝ 10 միլիոն դրամ:

  • Կիսվել: