կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արագածոտնում նոր արեւային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025 թվականին

Արագածոտնում նոր արեւային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025 թվականին

ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ժամկետներում:

Մասնավորապես՝ «Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինվեցին «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։

Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ասաց, որ օրերի մեջ փոփոխություն է կատարվում, որպեսզի հնարավորություն տան, թե՛ համակարգը կարողանա ընդունել արտադրված էլեկտրաէներգիան եւ թե՛ հնարավորություն լինի իրականացնել շինարարությունը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը 200 ՄգՎտ հզորությամբ «Այգ-1» արեւային ֆոտովոլտային կայանի մասին է:

«Արդեն ունենք հաղթող ընկերություն, որն առաջարկել է 1 կվտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ արժեք, որը բավականին ցածր գին է: Բացի այդ, մրցութային պայմաններից մեկն այն էր, որ պետական ընկերություններից մեկը եւս 15 տոկոսի չափով ունի փայամասնակցություն: Բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտավորապես 174 մլն դոլար: Այս փոփոխությունը տեխնիկական է, բայց եւս մեկ անգամ լավ առիթ էր ամփոփելու վերջնական արդյունքները»,- նշեց Ավինյանը:

Նրա խոսքով՝ կայանը կառուցվելու է Դաշտադեմ եւ Թալին համայնքների հատվածներում: Այդտեղ արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել են համայնքների հետ, հողահատկացման պրոցեսն ընթացքի մեջ է. «Հողը պետության կողմից է տրամադրվում: Մենք ունենք բավականին լավ արդյունքներ: Կայանը, եթե չեմ սխալվում գործարկվելու է 2025 թվականին: Այս օրերի ավելացումը վերաբերում է ֆինանսական փակման վերջնաժամկետին, մենք տալիս ենք 1.5 տարի»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախընտրական շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանում միջազգային հայտնի կորպորացիաները ներդրումներ չեն անում. ««Մասդար» ընկերությունը ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկն է: Սա իր դրական ազդեցությունն պետք է ունենա ոչ միայն տնտեսության տեսակետից, այլեւ ներդրումային միջավայրի գրավչության, որովհետեւ այս ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարեւոր ու դրական ազդակ է միջազգային ներդրողների համար»:

  • Կիսվել: