հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անկանխիկ շրջանառության աճի պարագայում դրամավարկային գործիքներն ավելի հասցեական են. փոխվաչապետ

Անկանխիկ շրջանառության աճի պարագայում դրամավարկային գործիքներն ավելի հասցեական են. փոխվաչապետ

«Հրապարակում» հաղորդաշարին տված հարցազրույցում  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծին և ասել, որ անկանխիկ գործարքները կնպաստեն սպառողական վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը և կբարձրացնեն վարկերի հասանելիության աստիճանը

Ըստ փոխվարչապետի՝ աշխարհում չկա զարգացած երկիր, որտեղ կանխիկի շրջանառությունը դոմինանտ լինի, կամ այն կազմի բարձր տոկոս:

Գրիգորյանը, մասնավորապես, նշել է. «Եթե չլինի կանխիկ շրջանառություն, չի լինի նաև ստվեր, ինչպես  նաև այն վարչարարություն իրականացնելու համար շատ ավելի արդյունավետ է:  Բացի այդ, անկանխիկ շրջանառության աճի պարագայում դրամավարկային գործիքները շատ ավելի հասցեական են և ավելի ազդեցիկ են դառնում, ինչը շատ կարևոր է գների կայունության կարգավորման համար»:

Նա նաև ասել է, որ օրենքի նախագծով կարգավորվում են հետևյալ հարաբերությունները` գործարքները ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ, ֆիզիկական անձ-բիզնես, բիզնես-ֆիզիկական անձ և ֆիզիկական անձ- պետություն:

«Ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ օղակը ամենաչկարգավորվածն է և ամենադժվար կարգավորվողն է, բայց, այնուամենայնիվ, եթե մնացածը լավ կարգավորվի, կարծում եմ, ընդհանուր նվազման միտումը շատ էական և արդյունավետ կլինի: Ունենք օղակներ բիզնես-ֆիզիկական անձ, ֆիզիկական անձ-բիզնես, որտեղ, իհարկե, զսպման անհրաժեշտությունը այսօր առկա է, որովհետև, չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ, օրինակ` մարդը այցելում է խանութ և գնում է կահույք կանխիկով, առավել ևս ավտոմեքենա: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ դա հնարավոր է: Վերջնական նպատակը կանխիկ գործարքի առավելագույն չափը սահմանելն է` 2020 թվականից ամեն դեպքերում 300 հազար դրամ առավելագույնը»,-նշել է փոխվարչապետը:

  • Կիսվել: