շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անկախ լավ նպատակներից՝ ԱԺ յուրաքանչյուր որոշում ֆինանսական ողբերգական հետևանքներ է ունեցել հեռարձակողների վրա․ ՀՌՀ նախագահ

Անկախ լավ նպատակներից՝ ԱԺ յուրաքանչյուր որոշում ֆինանսական ողբերգական հետևանքներ է ունեցել հեռարձակողների վրա․ ՀՌՀ նախագահ

Վերջին չորս տարիների ընթացքում ԱԺ յուրաքանչյուր որոշում, օրենքում փոփոխություն, վատթարացրել է հեռարձակողների ֆինանասական վիճակը։ Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Ես չեմ վիճարկում, որ ճիշտ քայլեր են արվել, բայց միշտ պետք է հաշվարկել հետևանքները։  Շահումով խաղերը հանեցին, միայն անցյալ տարի հեռուստաընկերությունները ունեցան մոտ 1 մլրդ դրամի չափով ֆինանասկան կորուստ։ Երբ ԱԺ-ն որոշեց, որ հաղորդումների 20 տոկոսը պետք է հանրային բնույթ կրի, դա ևս պահանջեց հավելյալ ծախսեր, որովհետև որակյալ բովանդակությունը միշտ ավելի մեծ ծախսեր է պահանջում։ Պահանջ դրվեց, որ լինի պարտադիր սուրդոթարգմանություն, դա էլ հավելյալ ծասեր է պահանջում։ Այսինքն՝ բոլոր օրենքները, լավ նպատակներ ունենալով, բերեցին ֆինանսական առումով ողբալի հետևանքներ հեռարձակողների համար, ինչը խնդիր է»,- ասաց ՀՌՀ նախագահը։

Տիգրան Հակոբյանը նշեց, որ ստեղծված պայմաններում հեռուստատեսությունը կախվածության մեջ է ընկնում գովազդատուներից։

«Գովազդատուներն իմանալով այդ պահանջների մասին՝ ավելի վատ պայմաններ կարող են առաջարկել, հեռուստաընկերությունները ստիպված են դա ընդունել։ Երկորրդ խնդիրն այն է, որ չունենալով գովազդային շուկաներից գումարներ, նրանք կախվածության մեջ են ընկնում հիմնադիրներից, ֆինանսատնտեսական խմբավորումներից և այլն»,- ասաց Հակոբյանը։

  • Կիսվել: