չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անհրաժեշտ կրեդիտների ապահովման համար բացակայության պայմաններում բուժաշխատողի աշխատատեղը, աշխատավարձը կպահպանվեն

Անհրաժեշտ կրեդիտների ապահովման համար բացակայության պայմաններում բուժաշխատողի աշխատատեղը, աշխատավարձը կպահպանվեն

Նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում կպահպանվեն բուժաշխատողի աշխատատեղը, պայմանագրով նախատեսված հիմնական աշխատավարձը:

ԱԺ  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծին:

Նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանն ասաց, որ նախագիծը մշակել են մի քանի դիմում-բողոքների հիման վրա: «Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորումը պարտադիր պայման է բուժաշխատողի համար: Բայց եղել են դեպքեր, որ գործատուները խնդիրներ են ստեղծել: Այսինքն՝ բուժաշխատողը գործունեությունը շարունակելու համար պարտավոր է հավաքել որոշակի կրեդիտներ, ինչի համար պետք է բացակայի աշխատանքից, մասնակցի տարբեր միջոցառումներին: Մենք նախագծով լրացում ենք կատարում՝ սահմանելով, որ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև աշխատավարձը»,-ասաց Բադալյանը:

Կարգավորումը կտարածվի միայն կրեդիտների պարտադիր չափ ապահովելու դեպքում, բժշկի համար՝ 220, բուժքրոջ համար՝ 140:

Նախագիծը քննարկվել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բժշկական հաստատությունների հետ: Պատգամավորի վստահեցմամբ՝ առարկություններ չեն եղել:

ՀՀ առողջապահության նախարարությունը նախագծի առնչությամբ որոշակի դիտողություններ է ունեցել, առաջարկել է, որ ֆիքսվի միայն աշխատատեղի պահպանման, այլ ոչ աշխատավարձի պահպանման մասը:

Փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչները բարձրաձայնում են, թե վերապատրաստման գործընթացը, բացակայությունը կարճաժամկետ են, խնդիր չի լինի, սակայն, եթե դա լինի երկարաժամկետ, խնդիրների առաջ կարող են կանգնել: Այսպիսով, փոխնախարարն առաջարկել է օրակարգից հանել նախագիծը, ևս մեկ անգամ քննարկել պատգամավորների լրամշակած տարբերակը, հետո նոր բերել օրակարգ:

Սակայննախագծի հեղինակներ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը չեն ընդունել այդ առաջարկը: Նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացել է դրական եզրակացություն:

 

 

  • Կիսվել: